Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ապրիլի 16-ին հերթական շրջայցն է կատարել հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

Միավորման և զորամասի հրամանատարության ուղեկցությամբ առաջնագիծ այցելության ընթացքում բանակի հրամանատարը զրուցել է դիրքապահների հետ, ծանոթացել վերջին շրջանում դիրքերում իրականացված ինժեներական կահավորման, կրակի վարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում տիրող օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Այնուհետև, ՊԲ հրամանատարը դիրքապահների մարտունակությունը, մարտական պատրաստվածությունն ու գործնական հմտությունները ստուգելու նպատակով, վերջիններիս առաջադրել է կոնկրետ իրավիճակներում մասնագիտական պարտականությունների կատարումից բխող անհրաժեշտ խնդիրներ, հետևել դրանց կատարման ընթացքին և նկատված թերացումները վերացնելու, ինչպես նաև զինծառայողների պատրաստության մակարդակը ավելի բարձրացնելու նպատակով տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: