2005 թ. հիմնադրված, ապա տարիներ անց կործանված «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը կապ է հաստատել ԼՈՒՐԵՐ.com–ի հետ և պատմել, թե ըստ իրեն՝ ինչու է նորից ակտիվացել և խոստումներ շռայլում «ԱրմՍվիսԲանկ»-ի հիմնադիր ու սեփականատեր, «Արարատ» ակումբի սեփականատեր, գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը: Նա նշեց՝ Սրմաքեշի ակտիվանալու պատճառն ու իշխանությունների հետ համագործակցությունների վերաբերյալ հրապարակումները կապված են իր հետ ունեցած դատական վեճում հաղթանակ տանելու հեռանկարով: Հակոբյանի խոսքով՝ Սրմաքեշի հիմնադրած բանկը կործանել է իր արտադրական ձեռնարկությունը, որը Հայաստանում առաջինն էր որպես պրոֆայլեր՝ եվրոպական արտադրության դռների և լուսամուտների համար կոնստրուկցիաներ արտադրող ընկերություն: Բանն այն է, որ ՀՀ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 5 տարի ընթանում է «Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համտեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն ընդդեմ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի և «Ալզաս» ՍՊԸ-ի գործը՝ 4 միլիարդ դրամ գումարի բռնագանձման պահանջով: Նշենք, որ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի հիմնադիրն ու սեփականատերը Վարդան Սրմաքեշն է:
««Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ընկերության քայքայման գործընթացն սկսվեց այն բանից հետո, երբ խոշոր հարկատուների 100-յակում գտնվող գործարանը բանկի խաբեության պատճառով չկարողացավ պատշաճ կատարել վարկային պարտավորությունները, որի հետևանքով բանկը աճուրդի հանեց մեր ընկերության գրավադրված գույքը, սարքավորումները, որոնք էլ գնեց «Ալզաս» ՍՊԸ-ն: Իսկ վերջինիս հիմնադիր Գագիկ Ղազարյանը հանդիսացել է «ԱրմՍվիսԲանկ»-ի տնօրինության նախագահի ընկերը: Բանկի և «Ալզասի»-ի ղեկավարներն ավելի քան 800 ԱՄՆ դոլար յուրացրեցին: Այսինքն` պատճառը զուտ անձնական շահն էր: Վերլուծությունները ցույց են տալիս, որ բանկից «Ալզասին» տրամադրած վարկերից ավելի քան 800 ԱՄՆ դոլարն անհետացել են: Կասկածներս փարատելու համար բազմիցս միջնորդություններ եմ ներկայացրել դատարանին, որպեսզի վերոնշյալ երկու սուբյեկտը ապացույցներ ներկայացնեն 800 ԱՄՆ դոլարի նպատակային օգտագործման վերաբերյալ, սակայն այդպես էլ չեն ներկայացրել: Հատկանշական է նաև հետևյալ փաստը, որ «Ալզաս» ՍՊԸ-ի սեփականատեր Գ.Ղազարյանի մահից հետո, վերջինիս իրավահաջորդները հայտնվեցին ծանր կացության մեջ: Պարզվեց, որ «Ալզաս» ՍՊԸ-ն բանկին շուրջ 800 ԱՄՆ դոլար գուրմար է պարտք: Դրությունը փրկելու նպատակով Գ.Ղազարյանի իրավահաջորդները հայցադիմում են ներկայացնում դատարան՝ նշելով, որ իրենց և բանկի միջև խաբեությամբ կատարվել է կեղծ գործարք, որը կատարվել է մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ ստացվում է, որ սրմաքեշականներն աջ ու ձախ խաբում ու «քցում են»՝ չխորշելով ոչնչից:
Հակոբյանի խոսքով՝ դատական գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը, հասկանալով, որ իրենց կողմից դատարանին ներկայացված փաստաթղթավորված ապացույցների ծանրության տակ արդար և օբյեկտիվ վճիռ կայացնելու պարագայում բանկը պարզապես կոչնչանա, վերջին մի քանի դատական նիստի ժամանակ բանկի ներկայացուցչին առաջարկել է հայ-չինական ՍՊԸ-ի հետ հաշտության պայմանագիր կնքել, բայց մերժվել է. «Ինչպես կարող էր համաձայնվել, երբ Սրմաքեշը վերջին շրջանում ակտիվորեն հրապարակում է իշխանությունների հետ համագործակցությունները, ինչի մասին անկասկած տեղյակ է նաև բանկի ներկայացուցիչը»,- նշեց նա:
Ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունների կողմից պարզապես միամտություն կլինի հավատալ սրմաքեշյան խոստումներին՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ. «Ուզում եմ հիշեցնել, որոշ ժամանակ առաջ, «Արարատ» թիմի ֆուտբոլիստներից մեկի հայտարարությունը, ըստ որի՝ Սրմաքեշը իր թիմին 6 ամիս է աշխատավարձ չի տալիս: Ըստ մեդիամագնատ Գաբրելիանովի՝ «Արարատ» թիմին Վարդան Սրմաքեշը մահվան է տանում: Վերջին շրջանում Սրմաքեշը հուզիչ տեսարաններով լուսանկարներ է հրապարակում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կից գրելով. «Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ»: Բախտներս բերել է, որովհետև նույն հաջողությամբ Սրմաքեշը կարող էր գրել, որ «Հայաստանում կարտադրվեն ոսկու սարեր»: Սրտաճմլիկ տեսարան է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ լուսանկարում. վերջինս, հավատալով Սրմաքեշին, թե իբր Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի, անկեղծորեն փաթաթվել է նրան, բայց հարգելի նախարարին պետք է տեղեկացնել, որ այս անգամ ևս խոստումը կարող է օդում կախված մնալ: Հիշենք, որ նախկին իշխանությունների օրոք լուրեր էին պտտվում, թե իբր բարերար Սրմաքեշը պատրաստվում է ՀՀ-ում մի քանի 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, որն այդպես էլ ոչ ոք չտեսավ: Ներկայիս իշխանության առաջին օրերին հեռուստատեսության բոլոր ալիքներով հայտարարվեց, որ արտագաղթը կանգնեցնելու նպատակով բարերար Սրմաքեշը պատրաստվում է 100 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել հայրենական տնտեսության մեջ, սակայն մինչ օրս տեղաշարժ չկա»,- հիշեցրեց Ռուդոլֆ Հակոբյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանում Սրմաքեշի ակտիվությունը բացատրվում է նրանով, որ հաջորդ դատական նիստը նշանակված է ս/թ մայիսի 14- ին և այսպիսով նա փորձում է ազդել դատական գործընթացի վրա:
Սոնա Հարությունյան