Թուրքիայում մայիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 59 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 33․283 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․832 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 59 դեպք, իսկ ապաքինվել է 5․119 մարդ,-հայտնում է ermenihaber-ը։
Ըստ պաշտոնական տվյալների' Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է, ընդհանուր առմամբ, 73․285 հիվանդ, իսկ 1․338 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 129.491 հաստատված դեպք և մահվան 3․520 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․204․421-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով' կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։