Թուրքիայի արտահանողների գլխավոր ասոցիացիաներից մեկը թուրք արտադրողներին նախազգուշացրել է, որ անհատական պաշտպանութան միջոցներ արտադրելիս հարկավոր է համապատասխանել չափանիշներին: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Բանն այն է, որ ապրիլին Մեծ Բրիտանիան Թուրքիայից գնել էր 400 հազար վիրաբուժական խալաթ, սակայն ստուգումից հետո պարզվել է, որ դրանք պիտանի չեն օգտագործման համար:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության խոսնակը CNN-ին հայտնել է, որ ապրանքը որակի ստուգման գործընթացը հաջողությամբ չի անցել, հետևաբար, չի բաժանվել բուժաշխատողներին:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ Բրիտանիայի կառավարությունը կպահանջի վերադարձնել գումարը, եթե արտադրողը չուղարկի ստանդարտին համապատասխանող խալաթներ:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել հիվանդանոցներում անհատական պաշտպանության միջոցների պակասի պատճառով: Պարբերականը հաղորդում է, որ ապրիլի վերջին կատարված հարցման համաձայն՝ բրիտանացի բժիշկների մեկ երրորդից ավելին ասել է, որ չունի համապատասխան անհատական պաշտպանիչ միջոցներ: