Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները:
Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»:
Աղբյուրը հայտնում է, որ խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները: