Հայաստանում մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն' առողջացած:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43 041 թեստավորում: Այսպիսով' կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 64 (ավելացել է ևս 3-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 59 և 56 տարեկան տղամարդիկ և 74 տարեկան կին և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է նաև մահվան 25 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: