Երեկ Արցախում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էին պաշտոնատար անձինք Արցախից և Հայաստանից: Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշեց. «Արայիկ Հարությունյանի ընտրությունը նշանակում է, որ հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է։ Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումների քաղաքական ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը»: Այս և երդմնակալության արարողության ժամանակ հնչած այլ մտքերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ:

 

«Նման գնահատական տալը բավականին նվազեցնում է ժողովրդական գործընթացների արժեքը, որոնք տեղի են ունեցել Արցախում, որովհետև բոլորիս աչքի առջև, կորոնավիրուսով պայմանավորված բավական ծանր պայմաններում Արցախի իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի լինեն օրինական ընտրություններ, և երկրի ղեկավարությունը ստանձնի ժողովրդի մեծամասնության վստահության քվեն ստացած թեկնածուն, ինչը և տեղի է ունեցել: Եվ այս ամենը գնահատել որպես հեղափոխության տարածում Արցախում, իհարկե, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական տեսակետից տեղին չէ: Ես, իհարկե, հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ ցույց տալու հեղափոխական պրոցեսների հաղթարշավը, այն դեպքում, երբ այդ հաղթարշավը շատ վաղուց կասեցվել է և ճիշտ հակառակն է՝ բավական մեծ տեմպերով հետընթաց է ապրում, բայց Արցախը դարձնել նման գնահատականների և պրոցեսների կենտրոն,  իհարկե, սխալ է և անթույլատրելի»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ նորընտիր նախագահ Արայիկ Հարություննյանն իր ելույթում ցույց տվեց, որ լինելու է վերջին  տարիներին Արցախում իրականացված քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակողն ու զարգացնողը, բայց ոչ երբեք հեղափոխական մոտեցումներով առաջնորդվողը: 

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի և Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի հարաբերություններին: Հիշեցնենք, որ տևական ժամանակ հասարակության շրջանում և մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Փաշինյանի և Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն: Մենչդեռ երեկվա ելույթի ժամանակ վարչապետը նշեց, որ ի դեմս Բակո Սահակյանի` ձեռք է բերել վստահելի ընկեր և բարեկամ: 

«Բակո Սահակյանի պաշտոնավարման վերջին երկու տարիները ծանր իրավիճակում էին, երբ Հայաստանում կար իշխանության փոփոխություն, այն էլ՝ հեղափոխական ճանապարհով: Եվ հեղափոխական այդ թիմը, հավանաբար, ելնելով իր վախերից, փորձում էր Բակո Սահակյանին նույնպես ընկալել որպես ռեժիմի մաս: Բակո Սահակյանն իր պաշտոնավարման ընթացքում մշտապես առաջնորդվել է այն կզբունքով, որ Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն միասնությունը չի կարող խաթարվել որևէ գործոնով, անգամ՝ հեղաշրջումով: Եվ մենք տեսնում ենք, որ երկու տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի այդ լարվածությունը կամ Նիկոլ Փաշինյանի ներքին վախերը  չդառնան հարաբերությունները փչացնելու կամ վնասելու պատճառ: Ես չեմ կարող ասել, թե որքանով է Փաշինյանն անկեղծ եղել այդ գնահատականում, բայց կարող եմ ասել, որ այլ գնահատական տալու առիթ նա չուներ»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը: