Facebook-ը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի գովազդը, որը նացիստական Գերմանիայում օգտագործված խորհրդանիշ էր պարունակում, փոխանցում է BBC-ն:
Նախագահի, ինչպես նաեւ փոխնախագահ Մայք Պենսի պաշտոնական էջերի բաներներին դեպի ներքեւ ուղղված ծայրով կարմիր եռանկյունի էր պատկերված: Նացիստական համակենտրոնացման ճամբարներում այդպիսի նշան էր կարվում քաղբանտարկյալների համազգեստի վրա, մասնավորապես՝ կոմունիստների:
Թրամփի շտաբը հայտարարել է, որ դա ձախ ծայրահեղական «Անտիֆա» շարժման խորհրդանիշն է, որին նախագահը մեղադրում է ռասիզմի դեմ բողոքի ցույցերի կազմակերպման եւ այդ ակցիաների ընթացքում բռնություններ հրահրելու մեջ:
«Մենք ատելություն քարոզող կազմակերպություններ կամ գաղափարախոսություն ներկայացնող խորհրդանիշներ թույլ չենք տալիս, միայն՝ ենթատեքստով կամ դատապարտմամբ»,- հայտարարել է Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերը,:
Գովազդում ասվում է. «Ծայրահեղ ձախակողմյան խմբավորումների վտանգավոր ամբոխները վազում են մեր փողոցներով եւ մաքրում ամեն ինչ իրենց ճանապարհին»,- մեջբերում է New York Times-ը: Բաները կախված է մնացել մոտ մեկ օր:
«Շուռ տված կարմիր եռանկյունը խորհրդանիշ է, որն օգտագործվել է «Անտիֆայի» կողմից, այդ պատճառով էլ այն օգտագործվել է «Անտիֆայի» մասին գովազդում,- հայտարարել է Թրամփի խոսնակ Թիմ Մերթոգը:- Նշենք, որ Facebook-ը մինչեւ հիմա էմոձի ունի շուռ տված եռանկյունու տեսքով, այն ճիշտ այսպիսի տեսք ունի»: