Ծառուկյանի շուրջ իրադարձությունների ամենակուրիոզ պահերը
- Վարչապետի խոսնակը (ասել է, թե՝ վարչապետը) էմոցիոնալ մի պահի հայտարարում է մի քրեական գործի մասին, որը դեռ հարուցված չէ։ Պարզվում է՝ նրանք տեղյակ են այն ցուցմունքներից, որոնք դեռ տրված չեն։
- Ծառուկյանին ազատությունից զրկելուն կողմ են քվեարկում մի խումբ իմքայլականներ, որոնք կայացել և ապահովել են իրենց բարեկեցությունը Ծառուկյանի շնորհիվ։
- Հ1-ի տաղավարում Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը, ով ուներ ԲՀԿ-ից քաղաքապետ դառնալու հավակնություններ (Պետրոս Ղազարյան) և Ծառուկյանի ամենախոշոր կոմերցիոն քաղաքական պրոյեկտներից մեկի՝ ՀԱԿ-ի փոխնախագահը (Լևոն Զուրաբյան) ԲՀԿ-ն համարում են հանցավոր ռեժիմի ստեղծած ուժ և, որ ԲՀԿ-ն միշտ գնել է ընտրողների քվեները։ Գրեթե ինքնախոստովանական ցուցմունք։
- Իմ քայլում կա պատգամավոր, որը 2015-ին ՀՀԿ պատգամավոր էր, և ներկա էր այն դահլիճում, որտեղ Սերժ Սարգսյանը հարձակվեց Ծառուկյանի վրա և բնականաբար նա ողջունեց շեֆի ասածները։ Հիմա այդ նույն մարդը արդեն Իմ քայլի պատգամավոր է, փոխվել է շեֆը, և դարձյալ ողջունում է արդեն նոր շեֆի հարձակումը Ծառուկյանի վրա։ Հետևություն. եթե վաղը այդ մարդը պատգամավոր դառնա ԲՀԿ-ից, նույնպես ողջունելու է, եթե Ծառուկյանը հարձակվի իր նախորդ շեֆերից կամ մեկ ուրիշի վրա (Հայաստանում ամեն ինչ հնարավոր է)։
- Ծառուկյան դեմ քրեական գործի հարուցումը և ազատազրկումը ակտիվորեն ողջունում է այն մարդը և քվեարկում կողմ, որի լրատվամիջոցը Ս. Սարգսյանի օրոք և ենթադրաբար՝ պատվերով ամենավերջին բառերն էր գրում Ծառուկյանի մասին, հետագայում, Ծառուկյանից ստանում է աննախադեպ խոշոր աջակցություն և մտերմանում են (ժամանակագրորեն կարելի է հետևել կայքին և կտեսնեք, որ այդ փուլում Ծառուկյանի մասին ոչ մի թթու բառ չկա)։
- Սոցիալական ցանցերում Ծառուկյանի դեմ ամենաակտիվը աշխատում են ՀԱԿ-ի շրջանակները։ Բայց մի՛ շտապեք նրանց մեղադրել անազնվության մեջ։ Փորձագետների կարծիքով՝ դրանք այն մարդիկ են, որոնց 2010-2015 թվականներին պարզապես չի հասել Ծառուկյանի կողմից հատկացված «աջակցությունը» (թե ինչու չի հասել, պետք է հարցնել 3-րդ կետում նշված պերսոնաժին)։
- Մեղադրանք է առաջադրվել և կալանավորման են տանում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանին, ում ՀԱԿ-ում բոլորից շատ էին սիրում, որովետև նա ԲՀԿ-ում «ամենաՀԱԿ-ականն» էր և սիրում էր ՀԱԿ էլիտային ռեստորաններ տանել։ Իսկ ՀԱԿ էլիտան էլ ինչպես գիտեք ուրիշի հաշվին ուտել սիրում է։ Հիմա ՀԱԿ-ի սեղանակիցներից ոչ մի աջակցության բառ։
- Լրատվական կոմերցիայի առանձին տողով ապահովվող մեկ այլ կայք (մերձՀԱԿական) ամենամոլեռանդ հակածառուկյանականն է այսօր։
Ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց 9-րդ ամենակարևոր կետը վերաբերում է Հենց Ծառուկյանին։
9. Այսքանից հետո կհասկանա՞ և կընդունի՞ իր սխալները։
«Իմ Ձայնը» Նախագիծ