Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին: