Գյումրիի ավագանու որոշմամբ հաստատվեց հեղեղումներից տուժած 6 ընտանիքի սոցիալական բնակարաններ հատկացնելու նախագիծը։ Տուժած 120 ընտանիք է վնասի փոխհատուցման պահանջով դիմել քաղաքապետարան։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է 84 ընտանիք, որոնք բնակարանային և դրամական փոխհատուցում կստանան։ Գումարի չափն այսօր հաստատվել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են հեղեղման հետևանքների վերացմանը։
«Փոխհատուցման ենթակաների ցանկում 60-ը Գյումրիի ավտոկայանի բանավանի տնակների բնակիչներ են։ Ավտոկայանի տնակային ավանն ամենաշատն է տուժել։ 9 ընտանիք ընդգրկված է այլ տնակային ավաններից։ Նաև կան առանձնատներից, որ լուրջ վնասվածքներ են ունեցել։ 2 կառույց էլ կա հասարակական։ Բացի սրանից, մենք մինչև հիմա էլ դիմումներ ստանում ենք։ Բայց վնասի չափ, որ ուզենանք էլ, չենք կարող հաշվարկել։ Սուբյեկտիվ գործոններ կան։ Ապացուցելի չէ, թե տվյալ վնասն ավելի վա՞ղ է եղել, թե՞ հեղեղումների հետևանք է։ Վնասի չափը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ»,- SAHNTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը։
Բացի տներից ու տնակներից, տուժել են հասարակական նշանակության կառույցներ, 1 մանկապարտեզ և 5 ավտոմեքենա։ Ընդհանուր վնասի չափ, որպես այդպիսին, դեռ չի հաշվարկվել։
Ամենաքիչը 50 հազար դրամ, իսկ ամենաշատը 150 հազար դրամ կհատկացվի, կախված, թե ինչքան է տուժել բնակիչը։ Գյումրիի քաղաքապետի տեղակալը հստակեցնում է՝ փոխհատուցում են ստանալու միայն շինարարական աշխատանքների համար։ Գույքային վնասների հարցում աջակցել բարեգործական կազմակերպություններն են խոստացել։ Ընդհանուր, 10 մլն դրամ է հատկացվել քաղաքի բյուջեից։ Համավարակի պայմաններում մշակութային միջոցառումներից, սպորտային գործուղումներից ու ներկայացուցչական ծախսերից տնտեսված գումարներ են։
Աննախադեպ քանակի տեղումներին քաղաքից ջրահեռացման համակարգը չդիմացավ՝ քաղաքի կենտրոնական հատվածների բոլոր փողոցները ջրածածկ էին, այդուհանդերձ, ենթակառուցվածքների լուրջ վնասներ չկան։
Եվս մեկ հարց էլ բյուջեի ծախսերի ու եկամուտների հոդվածի փոփոխությանն էր վերաբերում։ Եկամտային ու ծախսային մասերը 4 մլն դրամով ավելացել են։ Այդքան գումար է կառավարությունը հատկացրել Գյումրիի քաղաքապետարանին կորոնավիրուսով վարակված ու տնային ինքնամեկուսացում ունեցող գյումրեցիներին սննդով ապահովելու համար։
Գյումրիի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմենուհի Մխիթարյանը նշել է, որ ահազանգեր ունեն, որ Գյումրիի Անի թաղամասում կորոնավիրուսով վարակված անձինք մեկուսացված չեն։
«Ահազանգեր կան, որ Անի թաղամասում շատ հիվանդ մարդիկ օգտվում են խանութներից և ոչ մի կանոնի չեն հետևում, ինչպե՞ս է լուծվելու այս հարցը»,- ասել է Արմենուհի Մխիթարյանը։
Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշել է, որ իրենք տնային մեկուսացման մեջ գտնվողների ցուցակները բուժհաստատություններից են ստանում, և նրանց հասցեներով սնունդ են մատակարարում, իսկ մեկուսացման կանոնները խախտելու ահազանգերի մասին ավագանու անդամին հորդորել է դիմել համապատասխան կառույցներին։