Պաշտպանիչ դիմակ կամ ռեսպիրատոր կրելը նոր կորոնավիրուսը փոխանցելու վտանգը կարող է միջին հաշվով կրճատել 50-80%-ով: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ «Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Էնթոնի Ֆաուչին՝ շաբաթ օրը MarketWatch ինտերնետային հարթակին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միացյալ Նահանգների վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետը հայտարարել է, որ շատ գիտնականներ փորձում են գնահատել այդ հավանականությունը, բայց դեռ ոչ ոք վերջնական եզրակացության չի հանգել: «The Lancet բրիտանական բժշկական ամսագրի՝ հունիսի 1-ի հրապարակման համաձայն, դիմակները և ռեսպիրատորները վարակի ռիսկը նվազեցնում են մոտ 78-85% -ով», – ասաց Ֆաուչին: Նրա կարծիքով՝ այդ ռիսկը ենթադրաբար պետք է իջեցվի «50-75% կամ 80%-ի»:
Մասնագետի խոսքով ՝ Միացյալ Նահանգներում բժիշկները ենթադրում են, որ դեպքերի 20-45%-ի շրջանում «[նոր կորոնավիրուսով] վարակվածները բացարձակապես ախտանիշ չունեն»: Ֆաուչին հայտարարել է, որ սա լրջորեն բարդացնում է վարակվածների բացահայտումը:
Ֆաուչին համաձայնեց գնահատականների հետ, որ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարող է ստեղծվել մինչև այս տարվա վերջ կամ 2021 թվականի առաջին ամիսներին: Վարակաբանի խոսքով՝ պատվաստանյութը առաջինը պետք է ստանան բժիշկները և քաղաքացիների ամենախոցելի խմբերը, ներառյալ՝ տարեցները:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներն անում է դաշնային և տեղական իշխանություններից ստացված տեղեկության հիման վրա, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 4,15 միլիոն դեպք, մահացել է 146 143 մարդ: