Այսօր Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար։ Տեղեկություններ կան, որ մարզպետի պաշտոնում նրան փոխարինելու է նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել վերջինիս հետ, բայց Սարգսյանն անպատասխան թողեց մեր բազմաթիվ զանգերը։
Այսպիսով, փոխատեղման և հնարավոր նշանակման հետ կապված լուրերը տարաբնույթ քննարկումների և խոսակցությունների ալիք են բարձրացրել։ Մասնավորապես, Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ կարծիքներ են հնչում, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարզը ղեկավարած և մարզում գեթ մեկ գործարան չբացած մարզպետը ինչպես կարող է մի ամբողջ նախարարություն ղեկավարել։ Իսկ ահա Արման Սարգսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ հանրությանը հուզում է հարցը, թե ոստիկանական համակարգը բարձիթողի վիճակում թողած և «ձախողած» ոստիկանության նախկին պետը ինչպես կարող է զարգացնել մարզը։ Հավանաբար, իշխանությունները հույս ունեն, որ Արման Սարգսյանի կհաջողվի բռունցների մեջ պահել մարզը, սակայն վերհիշենք, որ հենց վերջինիս ղեկավարության օրոք Գեղարքունիքի մարզում վենդետա եղավ Նորատուս համայնքի և Գավառի տղաների միջև, երբ ոստիկանական ուժերին այդպես էլ չհաջողվեց բացառել արյունահեղությունը։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ այս իշխանությունը ոստիկանական համակարգի ներկայացուցչին վստահում է մարզը ղեկավարելու պարտականությունը: Այդպես եղավ նաև նախկին իշխանության օրոք ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ աշխատած Հունան Պողոսյանի դեպքում, երբ վերջինս նշանակվեց Սյունիքի մարզպետ:
Սպասենք, տեսնենք՝ ինչ հնարավոր զարգացումներ կլինեն, ով կհաջողի և ով կձախողի...
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին ոստիկանապես Արման Սարգսյանը պաշտոնից ազատվել էր հունիսի 8-ին։