Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց այդ գործով վկա, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իր հետ հանդիպման ժամանակ ասելով, որ ի պաշտոնե իրավասու է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, առաջարկել է սիմվոլիկ գումարի դիմաց ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից: Մինասյանը պնդում է, որ ինքն այդ գործարքին չի համաձայնել և իր դեմ հարուցված քրեական գործերը հենց իր՝ այդ որոշման հետևանքն են: Ի դեպ՝ վերոնշյալ գործարքին Մինասյանը դրանից հետո այդպես էլ չանդրադարձավ:
Լռություն է պահպանում նաև Արթուր Վանեցյանը: Քանի դեռ ընթանում էր նախաքննություն՝ ԱԱԾ նախկին պետը դրանով էր հիմնավորում չխոսելու իր ցանկությունը: «Ելնելով այդ հանգամանքից և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ», - հայտարարել էր Վանեցյանը։ Սակայն, այժմ քննությունը ավարտվել է, ավելի ճիշտ՝ կարճվել, մեղավորներն այդպես էլ չեն գտնվել, իսկ ինքը` Վանեցյանը, իր իսկ խոսքերով ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր վերոնշյալ գործարքի փաստը: Թերևս, ժամանակն է, որպեսզի ԱԱԾ նախկին պետը կողմնորոշվի և բացի փակագծերը, քանի որ այժմ նրան կաշկանդող միակ հանգամանքը, կարծես թե, վերացել է, և նա պարտավոր է պատմել ողջ ճշմարտությունը, ինչպես նաև այն, թե էլ ում է որպես բանագնաց այցելել Փաշինյանի հրահանգով:
Միքայել Մինասյանը նույնպես պետք է պատասխանի մի շարք հարցերի, օրինակ՝ թե ինչու այդ գործարքի մասին հանրությանը տեղյակ չէր պահել 2019 թվականին, այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը դեռ ԱԱԾ պետ էր: Ակնհայտ է, որ Մինասյանը պետք է ավելի սպառիչ տեղեկատվություն ներկայացնի և չբավարարվի հարցը օրակարգ բերելով: Դե իսկ այս պատմության «գլխավոր դերակատար» Նիկոլ Փաշինյանն էլ կարող է իր հերթին սպառիչ ապացույցներ ներկայացնել հանրությանը, որոնք կռեաբիլիտացնեն իրեն՝ բացատրելով, թե ինչու էր բանագնաց ուղարկում իր իսկ կողմից «կոռումպացված» և «թալանչի» հռչակված Միքայել Մինասյանի մոտ: Գուցե այս ամենին կա այլ բացատրություն և հենց այդ բացատրությունն է Փաշինյանը պարտավոր տալ այն ժողովրդին, որի շնորհիվ եկել է իշխանության, որին խոստանում էր աշխատել բաց և թափանցիկ, իսկ այժմ ինչ-ինչ ստվերային գործարքներ է իրականացնում այդ նույն ժողովրդի թիկունքում:
Թե՛ Միքայել Մինասյանն իր հայտնի տեսաշարքում, թե՛ Արթուր Վանեցյանն իր պարբերական հարցազրույցների ընթացքում և թե Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում մշտապես խոսում են ժողովրդի հետ անկեղծ լինելու, ժողովրդից ոչինչ չթաքցնելու և ճշմտարությունը ասելու կարևորության մասին: Սակայն, տպավորություն է, որ կոնկրետ այս դեպքում կողմերից և ոչ մեկը չի ցանկանում հետևել հանրության հետ անկեղծ զրույցի իր թեզին, մինչդեռ ակնհայտ է, որ այս գործի երեք «ֆիգուրանտներն» էլ տիրապետում են այն տեղեկատվությանը, որը կարող է լույս սփռել այս մութ գործարքի վրա, երեքն էլ թաթախված են այս պատմության մեջ, երեքն էլ ունեն էական ասելիք և երեքն էլ քաղաքական գործընթացների հորձանուտի մեջ են:
Նա, ով առաջինը կխոսի և կբացահայտի ողջ ճշմարտությունը, մեծ ազդակ կհաղորդի հանրությանը, որ ժողովրդի հետ անկեղծ խոսելու մասին իր կոչերը միայն դեկլարատիվ բնույթ չեն կրում...