Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մեկնաբանել է այն ենթադրությունները կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին այն փաստի ֆոնին, որ շատ երկրներում առկա է դեպքերի աճ: Նրա կարծիքով՝ ՌԴ մայրաքաղաքում չի կարող խոսք գնալ COVID-19- ի երկրորդ ալիքի մասին: «Երկրորդ ալիքն այն է, երբ մարդիկ երկրորդ անգամ են ընկնում վարակվելու վտանգի տակ։ Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ աշխարհի մեկ այլ երկրում սա գործնականում հնարավոր չէ: Ինչու ենք մենք տեսնում մի շարք շրջաններում դեպքերի արագ աճ: Որովհետև նրանք նույնիսկ չէին անցել առաջին ալիքը, առաջին փուլը», - բացատրել է Սոբյանինը «Ռուսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ Մոսկվան, ինչպես Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, արդեն անցել է այս փուլը: Նա նշել է, որ քաղաքացիները զարգացնում են կոլեկտիվ իմունիտետ, ինչը նրանց թույլ է տալիս վստահորեն դուրս գալ սահմանափակումներից: