Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնը հունիսի 9-ից դարձել է Covid19-ի կենտրոն: Ըստ Բ/Կ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանի՝ հիվանդանոցի միայն մի հատվածում են բուժվում կորոնավիրուսային պացիենտներ, թե՛ ծննդատունը, թե՛ վնասվածքաբանության բաժինները գործում են:
Սպիտակի բնակիչները ահազանգում են՝ ամբողջ հիվանդանոցում միայն կորոնավիրուսով վարակվածներ են պառկած:
ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրը փոխանցում է՝ օրերս հղի կինը փորձել է ծննդաբերել տանը և կորցրել երեխային, վթարից տուժածին կարողացել են Վանաձոր հասցնել շատ ուշ, գրեթե ամեն օր ինսուլտով ու ինֆարկտով հիվանդներ են մահանում:
Մարդիկ ստիպված են լինում ամեն անգամ հասնել Վանաձոր, իսկ մի մասն էլ հնարավորություն չունի:
Հիվանդանոցի աշխատակիցը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք աշխատում են առանց պայմանագիր, տնօրենը հրամայում է՝ ստորագրել, որ համաձայնեն մեկ ամիս էլ աշխատել կորոնավիրուսային հիվանդների հետ, սակայն այդպես էլ չի վարձատրում, ամեն անգամ խոստանում է փոխանցել գումարը:
Ակնհայտ է, որ հիվանդանոցի տնօրենը համագործակցում է ԱՆ-ի հետ:
Տնօրենն էլ պնդում է՝ Սպիտակի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է և միացել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:
Հիվանդանոցի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդների առողջական վիճակը ծանր չէ, բայց տեղափոխում են վերակենդանացման բաժին:
Սպիտակի բնակիչները մինչև երբ են ստիպված լինելու բուժվելու կամ պարզապես ստուգվելու համար հասնել Վանաձոր. սրանք հարցեր են, որոնք օդում կախված են մնացել:
Արփինե Հակոբյան