Կոլումբիական նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ոչ պաշտոնական որդին՝ Ռոբերտո Սենդոյա Էսկոբարը, որն այժմ Մայորկայում ապրում է Ֆիլիպ Ուայթքոմբ կեղծանունով, ասաց, որ հոր կորցրած գանձերի գաղտնիքը կարող է բացահայտել: Այս մասին նա խոսեց BBC News-ին տված հարցազրույցում, իր՝ «Էսկոբարի որդին. առաջնեկը» գրքի հրատարակումից առաջ:
Ուայթքոմբի խոսքով՝ գիտի այն ծածկագիրը, որի տակ թաքնված է կորսված գանձերի գտնվելու վայրը: «Այնտեղ փող կա: Ոչ թե կանխիկ, այլ արժեքավոր մի բան»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ, տղամարդը խոստացավ, որ եթե գանձը գտնի, մեծ մասը կուղղի բարեգործությանը, ինչը «ուղղակիորեն հակառակն է այն բաների, որոնք Դոն Պաբլո Էսկոբարն արել է աշխարհի հանդեպ»:
Ուայթքոմբն ասաց, որ երկար ժամանակ չի իմացել, թե ով է իր կենսաբանական հայրը: Նրա մանկական հիշողություններից դուրս լողացին հրաձգության պատկերներ, որի ժամանակ մահացավ կարմիր հագուստով մի կին' իր մայրը: Ավելի ուշ տղայի խորթ հայրը հաստատեց, որ այդ ամենն իսկապես տեղի ունեցել է: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի MI-6 գաղտնի հետախուզական ծառայության առաքելություն է եղել՝ վերադարձնել Էսկոբարի գողացած գումարը, և տեղի է ունեցել հրաձգություն: Դեպքից հետո MI-6-ի գլխավոր գործակալը, որը ղեկավարում էր գործողությունը, խղճաց երեխային ու որդեգրեց նրան: Չնայած դրան, Ուայթքոմբին թույլատրվել է պարբերաբար հանդիպել Էսկոբարի հետ: Այսպիսով, նարկոբարոնի որդին իր գրքում պնդում է, որ բրիտանական կառավարությունը փորձել է վերահսկել փողերի լվացումն ու թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:
Ռոբերտո Սենդոյա Էսկոբարի ծննդյան վկայականում չի նշվում թմրաբարոն հոր անունը, բայց դա նշված է մկրտության փաստաթղթում, հայտնում է Daily Mail-ը:
Պաբլո Էսկոբարը, որը 15 տարի ղեկավարել է Մեդելինի կարտելը, պատմության մեջ ամենահայտնի նարկոբարոններից է: 1990-ականների սկզբին նրա կարողությունը գերազանցում էր 30 միլիարդ դոլարը, իսկ ԱՄՆ-ին կոկաինի մատակարարման ավելի քան 80 տոկոսը բաժին էր ընկնում նրա կարտելին: Հանցագործը սպանվել է 1993 թվականի դեկտեմբերին՝ Կոլումբիայի ոստիկանության և ամերիկյան հետախուզական ծառայության համատեղ գործողության արդյունքում: