Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի իշխանությունները նախատեսում են աշխարհազոր ստեղծել՝ մինչև 100 հազար աշխարհազորայինով։ Նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։ Հասարակության մի մասը դեմ է նախագիծն ընդունելուն՝ պատճառաբանելով, թե կա ԵԿՄ միություն, մյուս մասն էլ կողմ է, որովհետև կարծում են, որ միայն բանակը բավարար չէ պատերազմական գործողություններ իրականացնելու համար:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ թեև բանակում չի ծառայել, սակայն պատրաստ է համալրել աշխարհազորայինների շարքերը. «Կարծում եմ՝ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շվեյցարիան, Իսրայելը, ունեն համանման նախագծեր և կիրառում են նման մեթոդներ, իրենք ևս հասկացել են դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եվ, բնավ, պարտադիր չէ լինել պատերազմական իրավիճակում, որպեսզի հանրությունը ֆիզիկապես պատրաստ լինի»:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ, եթե օրենքն ընդունվի, և դա պարտադիր լինի, բոլորս էլ, իհարկե, պետք է դառնանք աշխարհազորի մի մասը. «Ես դեռ չեմ ուսումնասիրել նախագիծը, բայց այստեղ ցանկության հարցը չէ և եթե երկիրը պատերազմական իրավիճակում լինի՝ բոլորս էլ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, այնպես որ այստեղ երկու պատասխան լինել չի կարող»:
«Կարծում եմ՝ պատերազմի ժամանակ բոլորս էլ պետք է միանանք և հնարավորինս աջակցենք բանակին, և ինչպես կկարողաանամ՝ օգտակար կլինեմ: Կարծում եմ՝ շատ ավելի օգտակար կլինեմ իմ մասնագիտական ունակություններով, մասնավորապես, տեղեկատվական ոլորտում, որովհետև պատերազմները, ցավոք սրտի, ոչ միայն պատերազմական դաշտում են, նաև ինֆորմացիոն տիրույթում են, միջազգային և դիվանագիտական հարթակներում: Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանք է պահանջվում և ես՝ որպես դրա մասնագտ, իհարկե, կարող եմ նաև այդ կերպ օգտակար լինել, ինչը և սովորաբար անում եմ: Երբ սահմանին իրավիճակի լարվածություն է լինում, տեղյակ ենք պահում մեր միջազգային գործընկերներին և փորձում ենք Հայաստանի դիրքորոշումը հասկանալի դարձնել նաև միջազգային հանրության համար»,- ասաց Երիցյանը:
Թեև Երիցյանը ավելի կարևոր է համարում իր մասնագիտական գործունեությունը, այնուամենայնիվ, չի բացառում որևէ կերպ իր ներգրավվածությունը աշխարհազորին, եթե դրա կարիքը լինի:
«Ընդհանրապես, հասարակության ռազմականացմանն ի սկզբանե դեմ եմ եղել և, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր պարտականությունը և աշխատանքը պետք է կատարի, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք ամեն ինչի: Շատ կարևոր բացեր ունենք՝ մեր բնակչությանը պատրաստելու պատերազմական իրավիճակների»,- եզրափակեց Երիցյանը:
Հիշեցնենք, որ աշխարհազորին կամավոր սկզբունքով կարող են անդամակցել մինչև 70 տարեկան քաղաքացիները։ Աշխարհազորին կարող են անդամակցել նաև կանայք, սակայն նրանք առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի։
Արփինե Հակոբյան