Ազգային Ժողովը ընդունել է օրենքների փոփոխությունների ծավալուն փաթեթ, որը, ըստ էության, գալիս է փոխարինելու արտակարգ դրությանը։
Համաճարակաբան Արման Բադալյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ համաճարակաբանության տեսանկյունից արտակարգ դրության փոխարինումը կարանտինով էականորեն չի փոխում գործողությունները. «Մենք հիվանդության ընթացքին համահունչ ենք շարժվում և ունենք հստակ սահմանված չափանիշներ, օրինակ` թեստավորումից հետո պատասխանը բավական արագ պիտի լինի, դրական պատասխանը ստանալուց հետո շատ արագ պետք է մեկուսացվի վարակի աղբյուրը կամ կոնտակտավորները շատ արագ հայտնաբերվեն. այս բոլոր գործողությունները, ընդհանուր առմաբ, չեն փոխվում»:
Համաճարակաբանը նշում է՝ անկախ փաթեթի կարգավիճակից` գործողությունների արագությունը և որակը չպետք է փոխվի:
«Մեր հասարակությանը կարանտին տերմինն է ահ ու սարսափ հասցնում, թե չէ մինչ այդ էլ կային այս գործողությունները: Արտակարգ դրության փոխարինումը կարանտին բառով չի նշանակում, որ հակահահամաճարակային միջոցառումները փոխվում են: Եթե նախկինում մարդը վարակի 14-րդ օրը դեռ վարակակիր էր համարվում, այսօր արդեն 10-րդ օրից կարող է վարակակիր չլինել. մինչ այս` դա չգիտեին: Այս գիտական մոտեցման նման այլ փոփոխություններ կարող են լինել, բայց միջոցառումների տեսանկյունից՝ ոչ: Թիմը, որը աշխատում էր, աշխատելու է այն չափորոշիչներով, որոնք մինչ այս էլ կային»,- ընդգծեց Բադալյանը:
Կարանտինը սաահմանափակումների միջոցառում է, կիրառվում է համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով։
«Կարանտին պետք է կիրառվեր վարակի ընթացքին զուգահեռ: Վարակը շատ էր՝ քչացավ, շարժը էլի կշատանա, միգուցե դեպքերի թիվը նորից ավելանա: Բժշկասանիտարական տեսանկյունից մենք աշխատելու ենք նույն տեմպով: Մենք, կարելի է ասել, նոր փուլ ենք մտնում և չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ, սակայն պետք է պատրաստ լինենք դեպքերի շատացմանը, բայց մեր արագ արձագանքելու ներուժը պետք է բավարարի. վտանգները կարող են այս տեսանկյունից լինել»,- նկատեց համաճարակաբանը:
Բադալյանի խոսքով՝ պետք է թույլ չտանք, որ վարակը տարածվի, յուրաքանչյուր մեղմացումից հետո պետք է էլ ավելի զգոն լինել, որովհետև այն շատ արագ գլուխ է բարձրացնում:
«Դեպքերը գնալով նվազում են, բայց, իհարկե, դրանց բացթողում էլ կա. շատ են կլինիկորեն հաստատված դեպքերի քանակը, սակայն, ոչ լաբորատոր: Եթե երկուսի քանակն էլ ունենայինք՝ պատկերը ավելի իրական կլիներ»,- եզրափակեց համաճարակաբանը:
Արփինե Հակոբյան