Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ և 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով: Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են. «Ես հարցում եմ իրականացրել ֆեյսբուքում՝ իմանալու քաղաքացիների կարծիքը, պարզելու՝ արդյոք կա՞ նման բան, թե՞ ոչ: Մարդիկ ասում են, որ, ըստ էության, չեն տեսնում այդ 613 062-ով ավելացած աշխատատեղերը, ինչպես նաև 13 841 դրամով բարձրացված աշխատավարձերը: Վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են, մյուս հարցերին պետք է թվերը հրապարակողը պատասխանի: Հիմա պետք է հասկանալ՝ այդ հաշվարկի հիմքում ինչն է ընկած, և այդ թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ»:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տնտեսությունը շարունակում է անկում գրանցել, և տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն նվազել է. «Իրականում, նայելով Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերին, ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսությունը էական անկում է ապրել ու այդ անկումը դեռևս չի դադարել: Եթե վերցնենք առաջին 7 ամիսների ցուցանիշները, կտեսնենք, որ, օրինակ, առևտուրը շուրջ 10%-ով է նվազել, ծառայությունները՝ 18%-ով, շինարարությունը՝ ավելի քան 23-25%-ով, այսինքն՝ արտահանման, ներմուծման ցուցանիշներն են նվազել, հետևաբար, այդ նույն պաշտոնական վիճակագրության կողքին ասել, որ միջին աշխատավարձերը բարձրացել են, կամ տնտեսությունը անկման փուլում չի գտնվում, այդքան էլ ճիշտ չէ»:
«Միջին աշխատավարձերի բարձրացումը մի հանգամանքով կարելի է պայմանավորել, ենթադրաբար, վիրուսի հետևանքով առաջին հերթին տուժեցին ցածր եկամուտներ ունեցող մարդիկ, այսինքն՝ աշխատանքը կորցրին ցածր որակավորում ունեցողները. հիմնականում սպասարկման ոլորտն էր, առևտրի ոլորտի մի հատվածը և այլն: Հետևաբար, այդ ֆոնին միջին աշխատավարձը կարող էր նաև բարձրանալ»,- ընդգծեց Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ բացասական ցուցանիշներ են տնտեսության բոոլոր ճյուղերում. «Ենթադրում եմ, որ վարչապետին ներկայացրել են նոր 613 062 աշխատատեղեր, բայց որ դրան զուգահեռ փակվել են այլ աշխատատեղեր, այդ մասին չի նշվում: Այսինքն, եթե մենք տնտեսության ոլորտում անկում ունենք, ապա ազատվածները կամ աշխատանքը կորցրածները շատ ավելի շատ են»:
Արփինե Հակոբյան