Նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար չեն հաղորդում Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի ստուգումների մասին, Կրեմլը չի հետևում այդ մանրամասներին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք քննչական գործողություններով չենք զբաղվում: Եթե ՌԴ տարածքում քիմիական զենքի ինչ-որ հետքեր լինեին, անկասկած, նախագահին այդ մասին կզեկուցեին»,- ասել է Պեսկովը։
«Մեզ տեղեկացնում են շշի վրա «Նովիչոկի» հետքերի մասին, իսկ մասնագետն ասում է, որ եթե դրանք լինեին, ապա նրանք, ովքեր դիպչել են դրան և կարող են մոտ եղած լինել, հնարավոր է ստանային այրվածքներ»,- շարունակել է նա:
«Դա ամենևին չի համապատասխանում փորձագետների եզրակացություններին: Եթե շիշ կար, ապա ինչո՞ւ այն ինչ-որ տեղ տեղափոխվեց: Միգուցե ինչ-որ մեկը հետաքրքրված չէ հետաքննությամբ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ միջադեպի հետ կապված նախաքննությունը շարունակվում է, բայց քրեական գործ հարուցելու համար իրավական հիմք չկա, քանի որ ռուս բժիշկները Նավալնիի թունավորման նշաններ չեն հայտնաբերել:
Նա նշել է, որ շիշը, որը կարող էր վկայություն դառնալ, չգիտես ինչու Ռուսաստանից դուրս է բերվել:
«Մեր փորձագետները չեն կարող ոչինչ ասել: Այս պատմության մեջ չափազանց անհեթեթություններ կան՝ ինչ-որ մեկի խոսքն ընդունելու համար: Հետևաբար, մենք չենք պատրաստվում որևէ մեկի խոսքին հավատալ»,- եզրափակել է նախագահի մամուլի քարտուղարը:
Ըստ նրա` այս իրավիճակում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: