Լավ լուրը, ամենայն հավանականությամբ, խոցված ուղղաթիռի մասին է: Այս մասին ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի այն գրառմանը, որ շուտով լավ լուր կհայտնեն:

«Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, ինչի կապակցությամբ ՊԲ-ն ներողություն է խնդրել Իրանից»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները հաճախ անխուսափելի են դարձնում այդ գործընթացները:

«Լավ լուրը կարող է, ընդհանուր առմամաբ, մարտական գործողություններում արձանագրված այս կամ այն հաջողության մասին է, ուղղակի միշտ չէ, որ ցանկացած պահի իրավիճակ կարող ենք ճիշտ ներկայացնել, որովհետև դրանք շատ արագ զարգացող գործընթացներ են: Երբեմն պետք չէ այդ պահին արձանագրել. թողնում ենք ավարտվի, որից հետո նոր հաղորդում ենք»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ ՊԲ կայքը գերծանրաբեռնվածության պատճառով առայժմ չի գործում: