Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) վճռական կերպով դատապարտել է բնակելի շրջանների ուղղությամբ հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում: Կիրակի Ժնեւում տարածված հայտարարության մեջ կառույցը հիշեցրել է, որ բնակելի շրջաններում պայթուցիկ ազդեցության զենքի կիրառումը կարող է իրենից ներկայացնել հումանիտար իրավունքի խախտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԿԽՄԿ-ն վճռական կերպով դատախարտում է հրետակոծությունը, որի մասին հաղորդագրություններ են ստացվում, ինչպես նաեւ այլ ենթադրյալ անօրինական հարձակումները պայթուցիկ ազդեցություն ունեցող զենքերի կիրառմամբ քաղաքներում, գյուղերում եւ այլ բնակելի վայրերում, որտեղ քաղաքացիական անձինք են զոհվում եւ տուժում սարսափելի վնասվածքներից»,-հայտարարել է Եվրասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեփը: «Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցներն ու շուկաները»,-ասել է նա: Շուեփի խոսքով՝ պաշտպանության ենթակա են նաեւ քաղաքացիական բնակչության համար ջրի աղբյուրները: «Այդպիսին են պարտավորությունները՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»,-ընդգծել է տարածաշրջանային տնօրենը: