Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: Մինչև բուն մարտական գործողությունների մանրամասներին անդրադառնալը նշենք, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը բացարձակապես չի կատարել, չի էլ պատրաստվել կատարելու: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են:

«Ինչ-ինչ պատճառներով փորձում են մշտապես ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ»,- շեշտեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այսօր վաղ առավոտից հակառակորդը նորից սկսել է հարձակողական գործողությունները երեք-չորս ուղղություններով:

«Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցությամբ, կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել 1 ՍՈՒ-25 գրոհիչ»,- ասաց նա: