Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։

Քիչ առաջ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը կայացել է, սակայն հետաձգվել է և այն կշարունակվի հոկտեմբերի 22-ին' ժամը 16։30-ին։

«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացնենք։ Դրանք ձեռք բերելու համար ժամանակ են պահանջում։ Այդ օրը փաստաթղթերը կներկայացնենք, դատական նիստն էլ կշարունակվի, հավանաբար հենց այդ օրն էլ կավարտվի։ Այս պահին չեմ կարող մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։ Մենք գրավի որոշակի չափ նշել էինք, բայց դա տեխնիկական է, թողնում ենք դատարանի հայեցողությանը»,-նշեց պաշտպանը։