«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն առավոտից գործադուլ են իրականացնում։ Նրանք հրաժարվում են բացել իրենց տաղավարները և պահանջում են, որպեսզի առևտրի կենտրոնի տնօրինությունը զեղչի վարձավճարները։ 

 

«Կորոնավիրուսային ու պատերազմական ժամանակաշրջանում առևտուր անել չի լինում, ստացվում է եկամուտ չենք ստանում։ Մեր խնդրանքն է՝ զեղչ լինի, որ կարողանանք մեր բիզնեսը, տունը, երեխային պահենք։ Տնօրինությանը փոխանցել ենք, բայց ոչ մի արձագանք չենք ստացել, չեն ուզում զեղչ անել։ Չեն ցանկանում գալ երկխոսության, կոմպրոմիսի ու գնալ փոխզիջումների։ Մենք պատրաստ ենք լսել իրենց առաջարկը, բայց փախչում են, չեն ներկայանում»,- նշում են վաճառականները։ 

Նրանք ասում են, որ 1250 հոգի մարդ է հավաքվել, որոնցից ոչ ոք իր բաժինը չի պատրաստվում բացել մինչև տնօրինությունն այս հարցին լուծում չտա․ «Ասում են, եթե ձեր տեղերը չեք բացում, կտանք ուրիշի, 250 մարդ կա հերթագրված»,- նշում են հավաքվածները։

Վաճառականները վստահեցնում են՝ պատրաստ են դիմել այլ քայլերի, ընդհուպ մինչև փողոցներ փակելու, մինչև իրենցը ձայնը լսելի դառնա։