Հոկտեմբերի 25-ին Գորիսի հիվանդանոցում ծնված արցախցի փոքրիկին անվանակոչել են Արցախ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նորածնի մայրը՝ Երանուհի Աթաբեկյանը ասաց, որ մինչ այդ որոշել էին որդուն այլ անուն տալ, բայց պատերազմի սկսելուն պես մտափոխվել են․ «Երբ իմացանք տղա ենք ունենալու, որոշեցինք անունը Էրիկ դնել։ Սակայն, երբ պատերազմը սկսեց, զանգահարեցի այդ օրերին առաջնագծում գտնվող ամուսնուս և ասացի՝ որոշել եմ մեր երեխային Արցախ անվանել, ինքն էլ, բնականաբար, դեմ չեղավ»,- պատմեց փոքրիկի մայրը։ 

Փոքրիկ Արցախի մայրիկի ցանկությունը մեկն է՝ խաղաղություն լինի, որ իրենք ու իրենց երեխաները կարողանան տուն վերադառնալ։ 

Հրետակոծվող ու հրթիռակոծվող Արցախից մազապուրծ Գորիս փախած մայրիկի ճանապարհը հեշտ չի եղել․ թեև սթրեսային վիճակում է եղել, բայց առողջական խնդիրներ չունի, անփորձանք ծննդաբերել է, թե՛ փոքրիկը, թե՛ մայրիկը լավ են։ Փոքրիկ Արցախն էլ ծնվել է 3․300 կգ քաշով, 50 սմ հասակով։