Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան քաղաքացիական պատերազմ հրահրող գրառում էր արել, որը միանշանակ քննադատական գնահատականի արժանացավ ոչ միայն հասարակության լայն շերտերի, ՄԻՊ-ի, ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլ նաև հենց Փաշինյանի թիմակիցների կողմից: Գիշերվա ընթացքում երեք պատգամավոր հայտնեցին մանդատները վայր դնելու մասին, պաշտոնից հրաժարվեց նաև փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուն, իսկ այսօր առավոտյան հրաժարական ներկայացրեց շրջակա միջավայրի պաշտպանության փոխնախարարը: Այս ցանկը, ինչպես երևում է, շարունակական է, և հենց այդ սցենարը կանխելու համար Փաշինյանը այսօր ուղիղ եթերում փորձեց ուղղել սխալը, սակայն, փաստենք, որ դա նրա մոտ չստացվեց: Հանրությունը ականատես եղավ հերթական մանիպուլյացիոն պնդումներին, քաղաքական կրուտիտներին:
Սակայն, քաղաքական թիմի փաստացի կազմաքանդումը չէ միայն, որ վկայում է գործող վարչապետի դիրքերի կտրուկ թուլացման մասին: Ինչպես գիտենք, ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր ղեկավարների դեմ քրեական գործեր են հարուցվել, որոնք, սակայն, դատարաններում ջրվում են՝ դատարանները չեն ընդունում ընդդիմության լիդերներին կալանավորելու որոշումներ: Առավել ուշագրավ էր երեկ դատախազության ներկայացուցչի հայտարարությունը, որ հայտնի մեղադրանքի հիմքում դրված տեսանյութի ձայնագրությունները մոնտաժված են: Սա փաստացի հաղորդում է հանցագործության մասին, որի հետքերով պետք է գնան պատկան մարմինները: Սակայն, մեկ բան այլևս ակնհայտ է, եթե նախկինում դատական համակարգը և դատախազությունը կատարում էին Փաշինյանի հրահանգները, այսօր այլևս չեն կատարում կամ չեն կատարում այն ծավալով, ինչ նախկինում: Սա էլ ենթադրում է, որ Փաշինյանը կորցնում է շատ կարևոր աջակցություն' ի դեմս դատական համակարգի:
Մեկ ուշագրավ դիտարկում ևս: ԱՄՆ դեսպան Թրեյսիի ՝ բռնությունը և ատելության կոչերը դատապարտող հայտարարությունից հետո Փաշինյանի հանդեպ կտրուկ փոխել է վերաբերմունքը նաև այսպես կոչված' սորոսական թևը: Մեկը մյուսի հետևից կարկառուն սորոսականները քննադատական հայտարարություններով են հանդես գալիս, իսկ «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը, ով երեկ գիշերը վայր դրեց մանդատը, համարվում էր իշխանական ֆրակցիայի սորոսական թևի վառ ներկայացուցիչ:
Փաշինյանին լքել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարող ենք փաստել, որ վարչապետը մնացել է առանց իր ծանր հրետանու, որը անհրաժեշտության դեպքում գործի էր դնում՝ վերջին 2.5 տարիների ընթացքում: Այսօր անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է հասկանում և հասկացնում իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ հետագա պայքարը իշխանության համար ոչ միայն անիմաստ է , այլ նաև հղի է լրջագույն ցնցումներով…