Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:

«Ընդունելով Իրաքի Հանրապետության եւ տեղի կաթոլիկ եկեղեցու հրավերը՝ Ֆրանցիսկոս պապը վերոհիշյալ երկիր առաքելական այցը կկատարի 2021 թվականի մարտի 5-ից մինչեւ 8-ը»,- հայտնել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:

Պապի այցի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ՝ հաշվի առնելով «համաշխարհային արտակարգ բժշկա-սանիտարական իրադրությունը», նշել է Բրունին:

Այդուհանդերձ, նրա խոսքով, քահանայապետը կայցելի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, Ուր հարթավայր, որը կապված է Աբրահամի մասին հիշատակման հետ, ինչպես նաեւ Էբրիլ, Մոսուլ եւ Քարաքոշ քաղաքներ: Հռոմի պապն ավելի վաղ հրապարակորեն հայտարարել է մերձավորարեւելյան այդ երկիր այցելելու իր ցանկության մասին:

Այսպես, անցյալ տարվա հունվարին նա լրագրողներին հայտարարել է, որ կցանկանար մեկնել Իրաք, սակայն տեղի եպիսկոպոսները պնդում են, որ առայժմ դա բավարար չափով անվտանգ չէ: Այդ կապակցությամբ, քահանայապետն այն ժամանակ կատակել է, թե, հնարավոր է, որ իրաքցի հոգեւոր պետերն իրենք չեն կարող միմյանց հետ պայմանավորվել այս հարցի շուրջ, եւ ասել է, որ հենց այդ պատճառով է այցով Իրաք ուղարկել Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին: 2019 թվականի հունիսին Ֆրանցիսկոս պապը կրկին վերադարձել է այդ թեմային՝ Վատիկանում ընդունելով Roaco կրոնական կազմակերպության աշխատակիցներին, կազմակերպություն, որն զբացվում է Արեւելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն ցուցաբերելով:

Նա հայտարարել է, որ ինքը մշտապես մտածել է Իրաք ուղեւորվելու մասին եւ մտադրություն է հայտնել Է այդ երկիր այցելել 2020 թվականին: Սակայն այդ պլանների իրականացմանը խանգարել է կորոնավիրուսի համավարակը: Ֆրանցիսկոս պապը միշտ հատուկ ուշադրությամբ է հետեւել իրադարձությունների զարգացմանը Իրաքում եւ քանիցս հավատացյալներին հորդորել աղոթել այս երկրում խաղաղության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: