Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում իրենով անել դատական համակարգը և ուժային բլոկը: Արդյունքում' մենք լսեցինք պատերի տակ վնգստացող դատավորների մասին հայտարարությունները, դատավորներին վեթինգի ենթարկելու նախագիծը, Սահմանադրական դատարանի ուզուրպացիան: Տեսանք նաև, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն վեր են ածվել Նիկոլ Փաշինյանի գրպանային կառույցների և կամակատարների, որոնք չեն խորշում կատարել նաև ապօրինի հրամաններ: ԱԱԾ երկու նախկին պետերը արդեն իսկ խոստովանել են, որ ստացել ապօրինի հրամաններ, սակայն հրաժարվել են կատարել և հենց այդ պատճառով էլ արդեն նախկին են:

Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը բախվել է մի շարք խնդիրների. այն է, նա այլևս չունի դատական համակարգի և ուժային բլոկի անվերապահ աջակցությունը:

Վերջին օրերին պարզ դարձավ, որ դատարանները հրաժարվում են կալանավորել ընդդիմադիրներին և, ըստ այդմ, Փաշինյանի մի շարք պլաններ կարելի է ասել տապալվեցին: Մեծագույն ճիգեր գործադրելու արդյունքում վարչապետին, կարծես թե, հաջողվել է գտնել 1-2 յուրային դատավորի, ովքեր դեռ պատրաստ են կատարել վերևից եկող հրամանները և իշխանությունների համար կարևոր բոլոր քրեական գործերը մակագրվում են հենց նրանց:

Ակնհայտ է, որ Փաշինյանը կորցնում է նաև ոստիկանական համակարգի աջակցությունը: Գրեթե ամեն օր պատվախնդիր սպաները համակարգից դուրս գալու դիմումներ են գրում, իսկ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանապետը, ով, ի դեպ, Փաշինյանի դասընկերն է, զգուշացրել է վարչապետին համակարգում առկա տրամադրությունների մասին և հայտնել, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Փաշինյանը չի վայելում նաև ԱԱԾ լիարժեք աջակցությունը: Այնտեղ Փաշինյանին համարում են ժամանակի վրա խաղացող բախտախնդիր, որը երկիրը տանում է դեպի անդունդ։ Դրան զուգահեռ, ազգային անվտանգությունում այս օրերին ուշագրավ խմորումներ են ընթանում, որոնք առաջիկայում կարող են բեկումնային լինել: Դրան պետք է գումարել նաև ԱԱԾ պետի Մոսկվա կատարվող վոյաժները, որոնք չեն կարող չանհանգստացնել Փաշինյանին. Նա քաջ գիտակցում է, որ ԱԱԾ-ն այն կառույցն է, որը ի զորու է ցանկության դեպքում իրեն հեռացնել իշխանությունից: Թերևս դրանով են պայմանավորված այսօր տարածվող լուրերը առ այն, որ Փաշինյանը պատրաստվում է փոխել ԱԱԾ ղեկավարին:

Դատական համակարգի և ուժային բլոկի հանդեպ վերահսկողության կորուստը էլ ավելի հավանական է դարձնում վարչապետի հրաժարականը, քանի որ վերջինս, ըստ էության, մնում է առանց իր հիմնական հենարանների, որոնց ձևավորման վրա աշխատել է վերջին 2.5 տարիների ընթացքում…