Երեկվանից Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին բաժանելու նոր ձեւ է գտել. Ասում է՝ ովքեր իմ հրաժարականը պահանջում են, էլիտա են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ավարտին Ֆրանսիայի հրապրակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
«Որովհետեւ կիսագրագետ, համալսարանի կիսաշրջանավարտ, կիսալրագրող, բամբասող լրագրողի տասնամյակների աշխատանքով ուղեղը չի էլ հասել, որ երկիրը էլիտաներով է, արժանապատիվ մարդկանցով է, մտավորականներով է, երիտասարդությամբ, գիտնականով, բժշկով, սպաներով է երկիր, ոչ թե կիսաստերով, պաշտոնյաների վրա գրելով, գալ ստով հասնել իշխանության ու վերջում էլ երկիրը ծախել»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացողներն են, որ արժանապատվության տերն են՝ գիտնականներ, մտավորականներ, բժիշկներ, ոստիկանության բազմաթիվ աշխատողներ, ԱԱԾ գնդապետներ ու գեներալներ:
«Ասում է՝ 6 ամիս թողեք պաշտոնավարել: Գողության վրա բռնեինք՝ ջհանդամ, գրագողության վրա բռնեինք՝ ջհանդամ, խմելու համար ասեինք ջհանդամ, 6 ամիս էլ մնա լակի: Բայց ամեն օր տեսնում ենք, որ կորցնում ենք Սոթքը, այսօր Սյունիքը: Ամեն օր երկրից մի կտոր է տալիս: Դրա համար ենք ասում՝ Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»,-հայտարարեց Մանուկյանը: