Արցախի Բերդաձորի շրջանի Մեծ Շեն գյուղի բնակչությունը դուրս է եկել գյուղից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

 

«Մարդիկ շոկի մեջ էին, վախի զգացումի մեջ դրա համար տարհանվել են՝ լքելով իրենց տները։ Գյուղում մարդկություն չկա։ Գյուղապետն է ու դպրոցի տնօրենը, այսինքն՝ ես ու կինս էլի։ Ամուսիններով գյուղը պահում ենք։ Ոչ մի զինվորական, խաղապահ չկա։ Երկուսով հերիք ենք, եթե պետք լինի ամբողջ ազգին կպահենք։ Այ տենց պահում են Բերդաձոր աշխարհը»,- նշեց նա։ 

Համայնքապետի խոսքով՝ գյուղի բնակիչները դեկտեմբերի 13-ին են լքել գյուղը, երբ ադրբեջանցիները մտել էին տարածք և փակել ճանապարհը․ «Էս հողերը միշտ հայկական է եղել, երբեք թուրքը ոտք չի դրել։ Բայց անորոշ վիճակ է, չգիտենք՝ մեզ է մնալու, թե ոչ։ Թե ոնց է սահմանը գծված, մենք հստակ չենք իմանում՝ կտա՞նք, թե չէ, կմնանք, թե չէ․․․»,- ասաց Դավթյանը։ 

 

Նրա խոսքով՝ համայնքի հարակից տարածքում, որտեղ ադրբեջանական ԶՈւ-ն է, ամբողջ օրը երգում, պարում են՝ ինչից բնակիչները ճնշվում են։

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրեր առաջ անդրադառնալով հարցին, թե Հին Շեն և Մեծ Շեն գյուղերը արդյոք կմնա՞ն հայկական, բնակչությունն անվտանգության խնդիր չի՞ ունենա, պատասխանել էր․ «Բնականաբար, խաղաղապահների պատասխանատվության գոտում է դա, և մարդիկ պետք է շարունակեն ապրել այնտեղ»։