Ճանապարհները առավոտվանից փակ էին, դրանք քիչ առաջ բացեցինք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը։

Վերջինս նշեց, որ գորիսեցիների մոտ շատ վատ տրամադրություն է, քանի որ անհիմն ձերբակալել են Գորիսի քաղաքապետին՝ Առուշ Առուշանյանին. «Ճանապարհը փակել էինք, որ Փաշինյանի հետ խոսեինք, մեզ հուզող հարցերը տայինք, էն էլ չեկավ տենց էլ: Երևի չեկավ մեզ հետ հանդիպման, որովհետև խիզախությունը թույլ չտվեց»,- նշեց Մուրադ Սիմոնյանը:

Նա ասաց, որ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ իրենք դիտավորյալ են փակել ճանապարհը, իբրև Նիկոլ Փաշինյանի աջակիցներին ստվերելու համար, բայց իրենց պահանջը արդար էր. «Մենք պայքարում ենք Սյունիքի անվտանգության համար: Միայն Գորիսը չէր, ամբողջ Կապանն էր, Մեղրին, Սիսիանը, Քաջարանը, մեր պահանջը ճիշտ է եղել»,- ընդգծեց Տաթևի համայնքապետը:

Վերջինս նշեց, որ նրանք սպասում են մինչև վաղը, որ Առուշ Առուշանյանին ազատ արձակեն, եթե ոչ, իրենց ակցիան նորից կսկսեն:

Հիշեցնենք, որ այսօր Նիրկոլ Փաշինյանը այցելել էր Սյունիք՝ իր աջակիցների հետ հանդիպման: Որոշները, ի նշան բողոքի, փակել էին Երևան-Գորիս, և Երևան-Տաթև ճանապարհները: Նրանք սպասում էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որ հղեն իրենց հուզող հարցերը, սակայն, վերջինս չգնաց նրանց հետ հանդիպման, նշելով՝ այսօր սադրանքների օր չէ: