6
 
STOPPED
 
 
 
 
 

23-ամյա Արման Օհանջանյանը, թեև առողջական որոշ խնդիրների պատճառով բանակում չէր ծառայել, սակայն պատերազմի հենց երկրորդ օրը կամավոր մեկնել էր առաջնագիծ:

Արմանին հրաման չեն տվել, որ մասնակցի պատերազմին, սակայն դա նրան չի խանգարել միանալ մի խումբ արցախցիների ու հասնել Ստեփանակերտ. արմատներով արցախցի Արմանը հաճախ է ասել՝ արցախցի եմ, ես չգնամ, ո՞վ գնա. այսպես էր ասում նաև Քառօրյա պատերազմին:

«Իր կամքով Ջաբրայիլ էր գնացել, հոկտեմբերի 1-ին մայրիկին հրաժեշտի նամակ էր գրել, երևի մտածել էր՝ վերջին նամակն է, այդ ժամանակահատվածում էլ Ջաբրայիլում թեժ մարտեր էին ընթանում, ինքն էլ դիպուկահար էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է Արմանի քույրը՝ Թամարա Օհանջանյանը:

«Պոստերը ցրիվ տվեցին, գալիս են մեզ վրա, կներես ինձ ամեն ինչի համար, ես ձեզ շատ սիրում եմ, եթե ինձ ինչ-որ բան պատահի, գլուխդ բարձր կքայլես, մամ, սաղ մնամ՝ կզանգեմ»,- Արմանի նամակն է՝ ուղղված մայրիկին:

Նամակից հետո Արմանը վիրավորում էր ստացել, երկար ժամանակ չէր կարողացել զանգել, հետո մի քանի ժամով տուն էր վերադարձել, ապա նորից՝ առաջնագիծ մեկնել: 

«Հերթափոխին տուն էր եկել, քայլելիս դժվարանում էր, բայց ցույց չէր տալիս, ցավն իր ներսում էր թաքցնում: Մարտական ընկերներն էլ էին եկել Արմանի հետ, պատմում էին մարտի դաշտում կատարվածը ու, կարծես, ֆիլմից հատվածներ պատմեին: Կես ժամ անց զանգ եկավ. Արմանը նորից մեկնեց ռազմաճակատ»,- պատմումէքույրը:

Թամարայի խոսքով՝ այդ անգամ տագնապ կար, ներքին անհանգստություն, որ ոչ մի անգամ չէր եղել. «Մայրիկս լաց եղավ, Արմանն ասաց՝ մի՛ լացեք, ես ամեն ինչ զգում եմ, իմ ձեռքը կդողա մարտի դաշտում». Արմանի այս խոսքերը գամվել են ընտանիքի հիշողություններում. այդ օրը հերոսին տեսնում էին վերջին անգամ:

«Նորից Ջաբրայիլ էր գնացել, հոկտեմբերի 20-ին զանգել է հայրիկին, ասել, որ վիրավոր է ու կռվի դաշտում՝ մենակ: Երևի զանգել էր հրաժեշտ տալու. ընկերոջ հետ էր խոսել նաև, ասել, որ վիճակը ծանր է. եթե ինչ-որ մեկը հասներ օգնության՝ Արմանս հաստատ կփրկվեր, որովհետև արնաքամ է եղել: Այն մարդիկ, որոնք այդ օրը պետք է հրամանը կատարեին, այնտեղ չեն լինում. ասում են, որ հայ վիրավորներ կան, պետք է գնանք, բերենք, վարորդն ասում է՝ ես կգնամ, բայց ինչ-որ մեկն էլ թող գա հետս, եղբորս ընկերն է  ցանկացել գնալ, բայց եղբայրս է գնացել՝ ասելով՝ ես որոշ չափով տեսել եմ կյանքը, սերունդ եմ թողել... Պարզվել է՝ այդ վիրավորը հայի համազգեստով թշնամին է եղել, վիրավոր են ձևացել, որ մոտենան... մոտեցել են ու սկսել կրակել»,- պատմում է Թամարան:

Արմանը Մասիս քաղաքից էր, ամուսնացած էր, ունի ինը ամսական տղա: Կյանքով լեցուն ու կյանքը սիրող Արմանը քրոջ համար խիստ եղբայր էր, բայց միևնույն ժամանակ անչափ հոգատար ու բարի: Թամարան ասում է՝ չափազանց ընկերասեր էր ու նվիրվող, դիմացինի խնդիրներն իրենն էր համարում:

Քրոջ պաշտպանն էր Արմանը, իսկ հիմա Թամարան  հերոսի ներկայությունն ամենուր զգում է, անընդհատ սպասումով է, որ կգա...