Ներդրումների առումով ես չեմ տարանջատում ներքին եւ արտաքին ներդրողներին, եւ այդ առումով կարող եմ ասել, որ այո, կան շատ ներդրողներ, ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ եւ լուծում նրանց առջեւ ծառացած խնդիրները: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հարցին, թե երբ հանրությունը կտեսնի խոշոր ներդրում Հայաստանում, նախարարն արձագանքեց, որ հենց հիմա կարող են գնալ եւ ինքը ցույց կտա 100 մլն-անոց ներդրում, խոսքը կառուցապատմամբ զբաղվող «Ռենշին» ընկերության մասին է:

Անդրադառնալով թուրքական եւ ադրբեջանական մակնշմամբ ապրանքների առկայությանը Հայաստանի շուկայում, նախարարն ասաց. «Տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել է թուրքական մակնշում, ադրբեջանական մակնշում, եղել են բազմաթիվ թուրքական ապրանանքներ եւ դա այն ժամանակ համարվել է նորմալ: Հիմա, եթե մենք պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա եւ կդառնա 10 տոկոս, որովհետեւ այդ ընկերությունները պետք է փող ծախսեն եւ դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ»:

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրման արգելքին, Վահան Քերոբյանն ասաց. «Այա պահին մենք հակված ենք լինելու երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա: Դա արվում է տեղական արտադրանքը պաշտպանելու համար»: