Այսօր վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում , փոխարինելով Արսեն Թորոսյանին: Ինչո՞վ է հայտնի նորանշանակ նախարարը:
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում:
2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել: 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն: 2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն: 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանկ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:Մասնակցել է մի շարք հավաստագրված դասընթացների, մասնավորապես, 2017-ին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ «Ծրագրերի կառավարում» թեմայով, 2014-ին՝ «Ֆարմատեք» ՓԲԸ-ում՝ «Պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP) չափորոշիչների ներդրում և վերահսկում» թեմայով: 2010-ին Վարշավայում Եվրոպական դիվանագիտական դպրոցում մասնակցել է «Եվրոպական դիվանագիտություն» թեմայով դասընթացի:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն հայտնի է իր պրո-արևմտյան հայացքներով: «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: 2008-2015թթ.ին ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ. Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: 2019թ․ հուլիսի 22-ին հիմնադրվել է և «Արֆարմացիա» ՓԲԸ-ին է պատկանում նույնանուն ՍՊԸ-ն և դեղատների ցանցը՝ «Արմֆարմացիա դեղատուն»-ը, որին են պատկանում Երևանում գործող 4 դեղատուն՝ Պուշկին, Ե․ Կողբացի, Ե․ Քոչար և Վերֆելի փողոցներում։ Այս ընկերության տնօրենն է Յուրա Ստեփանյանը: Այսինքն, առողջապահության փոխնախարար, իսկ այժմ արդեն նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին և դրանում անձամբ Ավանիսյանը որևէ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում: