Յուրաքանչյուր օր ունի իր ժամերը, որոնք, սովորաբար, կազմում են 24 ժամ։ Ժամանակի հաշվարկին մշտապես հետևում են ատոմային ժամացույցները՝ բարձրագույն ճշգրտությամբ։ Նման ժամացույցների շնորհիվ հաջողվել է իմանալ, որ ոչ միշտ է երկրային ժամանակը համապատասխանում արեգակնային ժամանակին՝ մոլորակի պտույտների պատճառով։ Երկրի վրա ժամանակը մի վայրկյան ավելի երկար է տևում։

Սակայն 2020 թ. օրերը, ըստ կատարված հաշվարկների, առավել կարճ են։ Անգամ գրանցվել է ռեկորդային կարճություն ունեցող օր՝ հուլիսի 5-ը։ Այդ օրը մեր մոլորակն ամբողջական պտույտ է կատարել իր առանցքի շուրջ 1,0516 միլիվայրկյանով ավելի արագ, ինչը չի համապատասխանում օրվա միջին տևողությանը։ Մի քանի օրում 28 անգամ ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել, և դա վկայում է այն մասին, որ օրերը ստանդարտ 24 ժամվա փոխարեն կարճացել են 0,5 միլիվայրկյանով։ Իհարկե ոչ էական, սակայն սա խախտում է նորմայից և մի շարք հետևանքների կարող է հանգեցնել։

Տարբեր գիտնականներ այս երևույթի տարբեր պատճառաբանություններ են փորձում գտնել։ Սակայն առավել համոզիչն այն է, որ հիմնական պատճառը գլոբալ տաքացումն է։ Սառցադաշտերի հալման հետևանքով փոփոխվում է մոլորակի մակերևույթի վրա ամեն ինչի բաշխումը, և դա Երկրին ստիպում է առավել արագ պտտվել։ Սակայն այս տեսությունը ևս քննադատությունների է արժանացել։ Այնուամենայնիվ, սառցադաշտերը շարունակում են հալչել և մեծ վտանգ հասցնել մոլորակին։

0,5 միլիվայրկյանի փոփոխությունը, թվում է, նշանակալից չէ, սակայն, այնուամենայնիվ, այն շեղում է։ Չէ՞ որ արբանյակներն ու նավիգացիոն համակարգերը աշխատում են արեգակնային ժամանակով, և անգամ միլիվայրկյանները կարող են խաթարման պատճառ դառնալ։ Նման երևույթը գիտական աշխարհը չի կարող թույլ տալ, այդ իսկ պատճառով մեծ ջանքեր են այսօր գործադրվում՝ ատոմային ժամերը նոր փոփոխություններին համապատասխանեցնելու համար։