ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին' հղում անելով Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամին:
«Հիմնադրամը հայտարարում է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս պատվաստանյութը հաստատելու մասին որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարության կողմից՝ հիմնվելով Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի տվյալների վրա' առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը ներկայումս գրանցված է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում և Թունիսում: