Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում կրկին հավաքվել էին մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ, որոնք, ի նշան բողոքի, հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ։

Բողոքը տնօրենի նոր թեկնածու Քարմիլե Առաքելյանի դեմ է: Ծնողները և ուսուցիչները պահանջում են, որպեսզի պաշտոնավարումը շարունակի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, այնինչ ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի դպրոցի տնօրեն է ընտրվել Աբովյան քաղաքի 10-րդ հիմնական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է:

Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի աշխատակազմը համաձայն չէ ԿԳՄՍ նախարարի այս ընտրության հետ, որն, ինչպես նրանց ներկայացվել է, կայացվել է երկու թեկնածուների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում։

Ծնողները և ուսուցիչները պնդում են, որ արդար ընտրություն չի եղել, և, որ ընտրությունների արդյունքում տնօրենի երկու թեկնածուները հավաքել էին հավասար ձայներ՝ 4-4, այդ դեպքում, ինչ սկզբունքով ու տրամաբանությամբ ԿԳՄՍ նախարարությունը տնօրեն ընտրեց հենց Քարմիլե Առաքելյանին:

«Նոր ընտրված տնօրենին չեմ ճանաչում, որևէ վատ բան ասելու իրավունք չունեմ, բայց Բաբայանի օրոք դպրոցում դրական, բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրել, ամեն ինչ իդեալական է եղել: Տղաս ամեն առավոտ հաճույքով է դպրոց գնում, և մեր միակ ցանկությունն այն է, որ երեխաների շահագրգռվածությունն ու սերը դեպի դպրոցը՝ չկորչի: Բաբայանը աշակերտների նկատմամբ հոգատար և ուշադիր է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշում է ծնողներից մեկը:

Ուսուցիչները վստահ են, որ այս ամենն իրականացվում է քաղաքական հրահանգներից ելնելով: Բանն այն է, որ մեկ տարի առաջ փոփոխվել էր դպրոցի կառավարման խորհուրդը: Ավագ դպրոցի խորհրդի կազմում նախարարության երեք ներկայացուցիչներին և մարզպետարանի մեկ ներկայացուցչին ուսուցիչները նույնպես վերագրում են բարեկամական կապ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

Նշենք, որ ուսուցիչներն ու աշակերտները գործադուլն ու դասադուլը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց։ Նրանց ընդունել էր փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ցուցարարների պահանջը մեկն էր՝ պաշտոնավարումը շարունակի Մետաքսյա Բաբայանը: Փոխնախարարը լսել էր կողմերի առաջարկ-դժգոհությունները, սակայն գործող կարգը սահմանում է, որ վերջնական ընտրությունը պետք է կատարի ԿԳՄՍ նախարարը: Դպրոցի աշխատակազմն էլ ԿԳՄՍ նախարարից պահանջում է տնօրենի ընտրության հիմնավորված բացատրություն:

Արփինե Հակոբյան