Դպրոցում արդեն մի քանի օր է՝ դասապրոցեսը խաթարված է և դրա միակ պատասխանատուն նորանշանակ տնօրենն է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։

Ուսուցչի խոսքով՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը շարունակում է գնալ դպրոց, իսկ աշխատասենյակի տարածքը հսկում են ոստիկանները։

«Իր աշխատասենյակից դուրս չի գալիս կամ մեզ հետ շփվում է ոստիկանական շղթայի մյուս կողմից` նրանց միջնորդությամբ։ Խաթարված դասապրոցեսի պատասխանատուն ինքն է, դպրոցում բարոյահոգեբանական միջավայր չկա, որպեսզի մենք կարողանանք դասապրոցեսը կազմակերպել և հանգիստ աշխատել։ Մեզ սպառնում է, ասում է՝ աշխատավարձ չեք ստանա»,- նշեց Փայտյանը։

Ըստ Փայտյանի՝ Քարմիլե Առաքելյանը 1-2 անգամ հանդիպել է ծնողական խորհրդի ներկայացուցիչների, աշակերտների և ուսուցիչների հետ, որի ժամանակ բոլորը միաձայն հայտարարել են, որ չեն պատրաստվում աշխատել նրա տնօրինությամբ։

«Դպրոցում նորանշանակ տնօրենի հրաժարականն է պահանջում ամբողջ անձնակազմը։ Դասադուլ-գործադուլը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև լիազոր մարմինը հասկանա, որ անհիմն նշանակումով նման իրավիճակ է ստեղծվել և որոշումը կբեկանի կամ մենք այլ տարբերակ չենք տեսնում, այսինքն՝ մենք գնալու ենք մինչև վերջ»,- ընդգծեց պատմության ուսուցիչը։

Հիշեցնենք, որ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն փետրվարի 3-ից դասադուլ-գործադուլ են իրականացնում՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, ըստ նրանց, հիմնավորված չէ։ 

Արփինե Հակոբյան