2008 թվականից ես հանդես եմ գալիս Մգեր Արմենիա անվամբ, ես շարունակում եմ մեծ հպարտությամբ կրել այդ անունը, որքան էլ, որ մենք համարվում ենք պարտված երկիր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան:
Նա այն կարծիքին է, որ երկրում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ներկայիս իշխանությունն է. «Մեղավոր, թե անմեղ թո՛ղ Աստված որոշի, բայց պատասխան պետք է տա առաջին հերթին իշխանությունը, նաև այն մարդիկ, որոնք որևէ կերպ կապ են ունեցել այս պարտության հետ, նրանք, ովքեր պատասխանատվություն են կրել զինվորների և նրանց կյանքի համար, սակայն առաջինը այդ պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը»,- նշեց երգիչը:
Վերջինս կոչ է անում, նորից փրկչի չփնտրել, այլ փնտրել մարդկանց, որոնք կլինեն երկրի նվիրյալները. «Մեզ փրկիչ պետք չէ, փրկիչը Հիսուս Քրիստոսն է: Մենք՝ նվիրյալներս, պարզապես, պետք է ծառայենք, աշխատենք, անենք ամեն ինչ, որպեսզի այս վիճակից դուրս գանք: Երկիրը ժողովուրդն է»,- ընդգծեց Մգեր Արմենիան:
Նա երկրի վիճակը կայունացնելու ելքը տեսնում է միայն արտախորհրդարանական ընտրությունների անցկացումով, որին երգիչը իր ընկերների հետ ևս կմասնակցի. «Միանշանակ պետք է լինեն արտախորհրդարանական ընտրություններ: Քաղաքականություն մտնելիս ես որևէ կուսակցության չեմ անդամակցելու, ես ու իմ ընկերները, մեր նոր կուսակցությունն ենք հիմնում, որով էլ կմասնակցենք այդ ընտրություններին: Նորաստեղծ կուսակցության անունը «Ազգի ձայն» է »,- պարզաբանեց ՀՀ վաստակավոր արտիստը:
Մեր այն հարցին, թե արդյոք իրենց նոր կուսակցությունը կվայելի հասարակության սերն ու վստահությունը, երգիչը պատասխանեց. «Մենք ամպագորգոռ հայտարարություններ անել չենք սիրում, որքան էլ, որ սովոր ենք լսել այդպիսի հայտարարություններ, և չտեսնել գործողություններ: Հասարակության սերն ու վստահության վայելումը կախված կլինի այն ծրագրերի հետ, որոնք մենք կներկայկացենք»,- ասաց երգիչը, ընդգծելով՝ իրենց նորաստեղծ կուսակցությունը որևէ հավաքների և բողոքի ակցիաների չի մասնակցելու:
Զվարթ Պետրոսյան