Հայաստանի Ազգային ժողովը հերթական նստաշրջանն է գումարել և շատերը հույս ունեին, որ գոնե այս անգամ հայրենի ազգընտիրների ուշադրության կենտրոնում և, համապատասխանաբար, ԱԺ նիստերի օրակարգում կլինեն պատերազմի հետևանքների վերացմանը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին նվիրված հարցերը:
Սակայն, ինչպես տեսնում ենք, ՔՊ-ական պատգամավորները Հայաստանում ունեն լրիվ այլ առաջնահերթություններ: Մասնավորապես, պատերազմից հետո գումարված նիստերի օրակարգում են հայտնվում կամ տեսներորդական կարևորության հարցեր, կամ օրինագծեր, որոնք այս կամ այն չափով հեշտացնելու են իշխող քաղաքական թիմի կյանքը:
Օրինակ, կանեփ աճեցնելու թեման պատգամավորների համար շատ ավելի կարևոր և արդիական է, քան գերիների վերադարձի հարցը: Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխությունը, տուրքերի և վճարների մասին օրենքում փոփոխությունը շատ ավելի կարևոր է: Կարևոր է նաև հիմնադրամների մասին օրենքում փոփոխություն անելը, քրեական օրենսգրքում և հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելը, որպեսզի ավելի հեշտ լինի, օրինակ, ընդդիմադիրներին կալանավորել կամ քերել բնակչության գրպանի վերջին պարունակությունը:
Կարևոր է նաև դատարանները կոմպլեկտավորել յուրային դատավորներով և այդ նպատակով հապճեպ դատական օրենսգիրք փոփոխել: Կարևոր է նախկին զինդատախազին ԲԴԽ կազմում տեղավորելը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելը: Իսկ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչ խոսք, այս պահին ամենաարդիական և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրն է:
Փոխարենը' հայրենի երեսփոխանները ընդամենը մեկ անգամ ձևական նիստ գումարեցին քննարկելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին առնչվող հարցերը: Ձևական, որովհետև իրականում այդ քննարկումը ոչինչ չտվեց և չէր էլ կարող տալ: Պատգամավորներին չի հուզում նաև սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրները, այն որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգված է, իսկ հարևան երկրները այս պահին պատերազմի են նախապատրաստվում՝ լայնածավալ զորավարժություններ անելով:
Սա, թերևս, այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական պատգամավորների քաղաքական առաջնահերթությունների և պետականամետության մասին...