Կանայք, ում խմելու ջուրը նիտրատներ է պարունակել, ավելի հաճախ են երեխաներ ունեցել, ովքեր միջինում 10 գրամով պակաս են կշռել, քան այն մայրերի ծնած երեխաները, ում խմելու ջրի մեջ նիտրատներ չեն եղել: Նման եզրակացության են հանգել Չիկագոյի Իլինոյսի համալսարանի եւ Օրհուսի համալսարանի գիտնականները:

Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Environmental Health Perspectives ամսագրում, Դանիայում բնակվող հղի կանայք են մասնակցել: Պարզվել է, որ նիտրատի նույնիսկ ցածր մակարդակը` ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) կողմից հաստատված մակարդակի մոտ կեսը, անբարենպաստ ազդեցություն է ունեցել:

«Չնայած նիտրատի մակարդակի ազդեցությունը նորածինների առողջության վրա հայտնի է, նորածինների վրա խմելու ջրի մեջ նիտրատի ցածր մակարդակի ազդեցության վերաբերյալ քիչ հետազոտություններ են անցկացվել»,- ասել է UIC-ի Հանրային առողջության դպրոցի հրավիրյալ հետազոտող եւ հոդվածի առաջատար հեղինակ Վանեսա Քոֆմանը:
Խմելու ջուրն աղտոտվում է նիտրատներով, երբ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը հայտնվում են խմելու ջրի աղբյուրներում:

Ծորակի ջրի մեջ նիտրատի բարձր մակարդակը կարող է մանկական մետեմոգլոբինեմիա առաջացնել` պոտենցիալ մահացու վիճակ, որի ժամանակ երեխայի մաշկը կապտում է, քանի որ նիտրատները խանգարում են հեմոգլոբինի կողմից թթվածնի տեղափոխմանն արյան մեջ: Այդ պատճառով EPA-ն խմելու ջրի մեջ նիտրատների պարունակության չափանիշներ է սահմանել` միլիոնի հաշվով 10 մասնիկի մակարդակում:

Հետազոտողների կարծիքով` մոր խմելու ջրի մեջ նիտրատի մակարդակը կապված էր մարմնի զանգվածի հետ երեխայի ծնվելու ժամանակ. քաշի տարբերությունը քիչ էր (10 գրամ), սակայն` կարեւոր: Հետազոտողները նաեւ մարմնի երկարության կրճատում են նկատել խմելու ջրի մեջ նիտրատների կոնցենտրացիայի ավելացմանը զուգահեռ: Ընդ որում, գլխի շրջանագծի վրա ազդեցություն չի գրանցվել:

news.am