ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցներին և թեև հրապարակվել է հարցազրույցի միայն առաջին մասը, կարող ենք առանձնացնել Քոչարյանի հիմնական և կարևորագույն մեսիջները:

Նախ և առաջ երկրորդ նախագահը վերահաստատեց իր մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե այդպիսիք անցկացվեն: Մյուս կողմից նա նշեց, որ սեփական քաղաքական ուժ չի հիմնելու, այլ հենվելու է դաշտում արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքական ուժերի աջակցության վրա: Հասկանալի է, որ երկար ժամանակ բացակայելով ակտիվ քաղաքականությունից` Քոչարյանի համար անգամ իր ռեսուրսներով հանդերձ բավական դժվար կլինի կարճ ժամանակում հավաքել թիմ, սակայն, առանց քաղաքական հենարանի` երկրորդ նախագահը, վստահաբար, չի մնա: Բանն այն է, որ ընդդիմադիր 17+-ի մաս կազմող քաղաքական ուժերի մեջ մեծ թիվ են կազմում այն ուժերը, որոնք բավական լոյալ են երկրորդ նախագահի հանդեպ և, անշուշտ, չեն հրաժարվի վերջինիս հետ համագործակցելուց: Ըստ էության, Քոչարյանը խաղադրույք է անում ընդդիմադիր դաշտում արդեն իսկ գործող պրո-ռուսական քաղաքական ուժերի՝ իր շուրջ լայն մոբիլիզացիայի վրա:

Ուշագրավ էր նաև երկրորդ նախագահի պատասխանը, թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին, եթե ինքը գա իշխանության: Ըստ էության, նշելով, որ վրեժխնդրությունը թույլ մարդկանց բնորոշ գիծ է ՝ Քոչարյանը որոշակի երաշխիքներ է տալիս գործող իշխանություններին, առ այն, որ իր՝ իշխանության գալու դեպքում նրանց հանդեպ վենդետա չի լինելու:

Ոչ պակաս կարևոր էին երկրորդ նախագահի մեսիջները ուղղված ռազմավարական դաշնակից ՌԴ-ին, պատահական չէր նաև այն, որ ծավալուն հարցազրույցը կազմակերպվել էր հենց ռուսական մեդիայի համար: Քոչարյանի խոսքերով՝ Հայաստանը որպես ՌԴ դաշնակից պարտվեց թուրք-ադրբեջանական տանդեմին, որի ազդեցությունը տարածաշրջանում գնալով մեծանում է: Մյուս կողմից էլ, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտությունը կասկածներ է առաջացնում և ստեղծում տպավորություն, որ այն պայմանավորված էր: Ստացվում է, որ պայմանավորվածության մաս կազմող Հայաստանի իշխանությունների նպատակը այս առումով համընկնում է թուրք-ադրբեջանական, նաև Արևմուտքի նպատակներին, այն է՝ դուրս մղել ՌԴ-ն տարածաշրջանից և այդ ծրագրից կողմերը այսօր չեն հրաժարվել: Քոչարյանը մեսիջ է անում ռուսական կողմին, որ տվյալ պլանները խոչընդոտել լավագույնս կարող է հենց ինքը, հակառակ դեպքում, ինչպես նշեց երկրորդ նախագահը, թուրք-ադրբեջանական և սորոսական ուժերի ակտիվացումը, դրանց մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լրջագույն սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի համար:

Հաջորդ կարևոր մեսիջը վերաբերվում էր անվտանգային համակարգի կտրուկ ռևերսին, որին, կարծես թե, պատրաստվում են գնալ ՀՀ իշխանությունները: ՌԴ-ի հետ միասնական անվտանգային համակարգից հրաժարումը, ըստ Քոչարյանի, հղի է լրջագուն ռիսկերով, այդ թվում՝ նոր պատերազմով: Ինչպես հասկանում ենք՝ երկրորդ նախագահը ՀՀ և Արցախի անվտանգությունը կապում է միայն ՌԴ-ի հետ համագործակցության նոր և ավելի խորը ֆորմատների ստեղծման հետ, ինչը անհնար է գործող իշխանությունների մնալու դեպքում: Իզուր չէ, որ Քոչարյանը հիշատակեց նաև, թե որքան գումար է անհրաժեշտ լինելու բանակը վերակառուցելու համար՝ 3 միլիարդ դոլար, հասկանալի է, որ նման նյութական և տեխնիկական աջակցություն Հայաստանին կարող է տրամադրել միայն ռուսական կողմը, ինչը նույնպես տեղի չի ունենա, եթե Փաշինյանի իշխանությունը չհեռանա:

Կարող են փաստել, որ այս հարցազրույցով Քոչարյանը սկիզբ է դնում Մոսկվայի հետ այսպես ասած՝  «պասերով խաղին» և Կրեմլի արձագանքը հարցազրույցից հետո չուշացավ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Քոչարյանը ՌԴ բարեկամ քաղաքական գործիչ է, ով մշտապես առաջնորդվել է Հայաստանի շահերի պաշտպանությամբ: Ընդհանրապես, ռուսական մեդիայի նման ուշադրությունը Քոչարյանի ասուլիսի հանդեպ վկայում է երկու բանի մասին՝ քաղաքական գործընթացների հանգուցալուծումը Հայաստանում մոտ է, և երկրորդը՝ ռուսական իսթեբլիշմենթը շարունակում է աջակցել Ռոբերտ Քոչարյանին: Հարցազրույցի երկրորդ մասը, ինչպես ակնկալվում է, հանրության դատին կներկայացվի վաղը: