Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և նոր քաղաքական ուժերի ցուցաբերած ակտիվության թեմայով  Pressmedia.am  կայքը զրուցել է Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի հետ։

— Պարոն Ափինյան, Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը թոթափելու ի՞նչ ուղիներ եք տեսնում, քանի որ իշխանությունն իր հերթին է հանրահավաքներ կազմակերպում, իսկ ընդդիմությունն իր հերթին։ 

— Պիտի ասեմ, որ մենք արդեն հասել ենք վճռական հանգրվանի և շուտով այդ լարվածությունը, կարծում եմ, ուժգնացման հետ միաժամանակ նաև հանգուցալուծման եզրերը ցույց կտա։ Ակնհայտ է, որ բանակը անցել է ժողովրդի կողմը ու ժողովուրդն անցել է բանակի կողմը։ Մենք վաղը մտավորականների խորհուրդի նիստ ունենք, որտեղ այդ հարցը բարձրացնելու ենք, բայց ես կասեմ իմ կարծիքը, դա այն է, որ պետք է ամուր պահենք բանակը, անխաթար, որովհետև կառավարության քայլերը  տանում են նրան, որ ոչնչացնեն նաև հայոց բանակը։  Դա լինելու է Հայաստանի վերջը, բանակի կորուստը կդառնա Հայաստանի վերջը, ուրեմն պիտի  ամուր պահենք բանակը, հատկապես գլխավոր շտաբի որոշումները  մեզ համար շատ կարևոր պետք է լինեն և ամուր պահելով բանակը՝ մենք թույլ չենք տա, որ Հայաստանը կործանվի։ Իսկ այդ դեպքում արդեն հանգուցալուժումը կերևա, կառավարությունը կնահանջի և Փաշինյանը հրաժարական կտա։ Այսինքն, ոչ մի զիջում չպետք է լինի։ Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր պաշտոնում, օրենքով, սահմանադրությամբ պետք է պաշտոնավարի սահմանված ժամկետում և այդ դեպքում կառավարությունը անպայման կնահանջի և Փաշինյանի հրաժարականը կլինի։ Եվ եթե մենք զիջենք այդ հարցում, ապա Հայաստանը կործանված է։ Բանակի հարցում ոչ մի զիջում, սա մեր մտավորականների խորհրդի  վերջնական որոշումը պետք է լինի։

— Բաղրամյան փողոցում հանրահավաքներին մասնակցում են բազմաթիվ հին ու նոր քաղաքական ուժեր: Նոր քաղաքական ուժերը բավականին ակտիվ են, դրանց թվում է նաև «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, ով հանդես է գալիս երրորդ բևեռ ձևավորելու նախաձեռնությամբ։ Ի՞նչ կարծիք ունեք այդ քաղաքական ուժերի մասին, և առհասարակ, որը պետք է լինի նոր ուժերի գործունեության հաղթաթուղթը։ 

— Ես նոր ուժերի հանդեպ շատ ջերմ համակրանք ունեմ։ Կարծում եմ՝ հիմա հին և նոր, նախկին և ներկա  բաժանումները շատ էական չեն։ Իհարկե, ճանապարհը պետք է փակվի իրենց վարկաբեկած գործիչների առջև։ Դա փաստ է, ովքեր կոռուպցիոն սկանդալների մեջ են եղել, վատ համբավ ունեն հասարակության համար, նրանց ճանապարհը հասարակական առումով պետք է փակվի ու պետք է ողջունել նոր ուժերի ի հայտ գալը  մեր հասարակական կյանքում։ Թովմասյանի մասին խոսք եղավ, ես ջերմորեն պաշտպանում եմ իր ներկայությունը մեր քաղաքական դաշտում, ինչպես նաև ուրիշ քաղաքական ուժեր պետք է հայտնվեն։ Նոր Հայաստանը  պետք է ստեղծվի այդտեղ։ Միայն խնդիրը հետևյալն է, որ պետք է մեզ համար մեկ տեսլական լինի՝ Հայաստանի ապահովությունը, սա  ամենաէական հարցն է որը պիտի մենք հաշվի առնենք։ Մեր մտավորական խորհուրդի նիստերը մենք անց ենք կացնում «Թովմասյան» հիմնադրամի հետ համատեղ։  Այսինքն այդ նոր ուժերի հետ համագործակցությունը առկա է։

Արև Սիմոնյան

Pressmedia.am