ՀՀ ազգային ժողովի «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով քննարկումները շարունակվում են՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Կոնջորյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:
Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթ արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Կոնջորյանը նկատեց՝ տպավորություն է ստեղծվում, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի միակ փոփոխությունը ընտրակարգն է, սակայն բազմաթիվ այլ փոփոխություններ ևս նախատեսվում են:
Հարցին՝ միայն պարզ համամասնական ընտրակարգի անցնելը կլինի՞ փոփոխությունը, թե՞ այլ փոփոխություններ ևս կլինեն:
«Քանի որ պայմանավորված առաջիկա ընտրություններով ընտրակարգի հարցը դարձել է քաղաքական քննարկումների կիզակետը, նաև այդ մասով քննարկումները շարունակում ենք: Կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետի հայտարարությունը վերաբերել է հենց ընտրակարգի հատվածին, սակայն փաթեթով շրջանառության մեջ դրել ենք նաև շեմերի հարցը, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցը, մի շարք փոփոխություններ, որոնք, ըստ էության, բերելու են Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ազատականացմանը: Եվ պատրաստակամ ենք այդ հանձնառությունն իրականացնելու:Պարզ համամասնական ընտրակարգի անցում կատարելու որոշումը կայացվել է: Այս պահին քննարկումները շարունակվում են, շարունակվում է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ մեր քննարկումները»,-ասաց նա:
Առաջիկայում կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Պատգամավորի խոսքով՝ քննարկումների հաջորդականության արդյունքներով կտեղեկացնեն հաջորդ քայլերի մասին: