Երևանի քաղաքապետարանը հեղափոխությունից հետո շինարարական մեգանախագծեր էր ներկայացնում' խոստանալով կարճ ժամանակում դրանք դրանք կյանքի կոչել և ավելի հարմարավետ դարձնել երևանցիների կյանքը:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը կասեցրել է Հայրենիքի էստակադայի կառուցման նախագիծը: Դեռ 2019թ. փետրվարին քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել' հայտնելով, որ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում են «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը։ «Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն»,- գրել էր Մարությանը։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրել էր՝ այս հանգույցի կառուցման արժեքը կկազմի շուրջ 4 մլն դոլար։ Երևանի հնգամյա զարգացման պլանում, սակայն, այս նախագիծը տեղ չի գտել։ Քաղաքապետարանից պարզաբանել են՝ առաջնահերթության կարգով իրականացվում է Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցումը, իսկ տվյալ նախագիծը սառեցվել է:
Սա, ի դեպ, միակ մոռացության մատնված նախագիծը չէ: 2019-ին Հայկ Մարությանը խոսել էր Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման հեռանկարի մասին և հայտնել, որ փորձել են ներգրավել մասնավոր ընկերությունների, որպեսզի պետության վրա այդ հոգսը չլինի: Մետրոյի նոր կայարանից դեռ որևէ նորություն չկա: Ընդ որում խոսքը գնում էր մետրոյի ոչ թե մեկ, այլ երկու նոր կայարանների կառուցման մասին:
Քաղաքապետարանը նախատեսում էր նաև Նորքի զանգվածից դեպի քաղաքի կենտրոն տրանսպորտային կոլապսը լուծելու համար ճոպանուղի կառուցել: Թերևս այս հարցը նույնպես գրվել է սառույցին:
Երևանում նախատեսվում էր նաև 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կառուցել:
Ընտրություններից քիչ անց Նուբարաշենի աղբավայր այցելած քաղաքապետը աղբի վերամշակման նոր գործարան էր նաև խոսք տվել երևանցիներին, այստեղ նույնպես որևէ առաջխաղացում չենք տեսնում: