Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, ասաց, որ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինվորները առաջ չեն եկել. «Ուղղակի այն տեղերը, որտեղ ադրբեջանցիները չէին դիրքավորվել, հիմա դիրաքավորվում են: Մեր զինվորներն էլ ուշադիր են, որ սահմանի խախտման դեպքեր չլինեն»,- ասաց մարզպետը:
Վերջինս ասաց, որ թշնամիները նախկինում ևս փորձեր են արել սահմանը անցնելու. «Փոքր տարածքներ են եղել, երբ փորձել են սահմանը անցնել, սակայն մերոնք շատ զգոն են, բանակցել են նրանց հետ ու նորից հետ են գնացել»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ բնակչության շրջանում որևէ լարվածություն չկա:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, թե Վարդենիսում ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ:
Զվարթ Պետրոսյան