Նիկոլ Փաշինյանը և թիմը ակտիվորեն սկսել են նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կառավարությունը նախորդ շաբաթ հանրապետության 9 մարզերին պետական բյուջեից հատկացրեց 1 միլիարդ 200 միլիոն դրամ գումար, սակայն ընդունված որոշման մեջ հստակեցված չէր, թե ովքեր են լինելու հատկացված գումարի շահառուները և ինչու: Մինչդեռ այս շաբաթ գործադիրը դարձյալ գումար է հատկացել ՀՀ մարզերին, սակայն, ի տարբերություն նախորդ ընդունած որոշման, այս անգամ հստակ գրել են, թե հատկացված գումարի շահառուներն ովքեր են։ Եվ այսպես, մայիսի 13-ի նիստում Կառավարությունն ընդունեց պետական բյուջեի մասին օրենքում հերթական փոփոխությունն ու լրացումը, ըստ այդմ՝ Սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ և ֆինանսական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի թիվն ավելացվել է 43-ով՝ 7 համայնք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։Փաստորեն, ընդունված որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով Կառավարությունն ավելացված բնակավայրերի համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում է տրամադրելու, ինչի համար պահուստային ֆոնդից հատկացրել է 400,205.8 հազար դրամ։ Ընդամենը օրեր առաջ էլ կառավարությունում հիշել էին, որ անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձը: Բացի այդ, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Փաշինյանը դաբրո է տվել իրեն հավատարիմ օլիգարխներին՝ մեկ ձայնի դիմաց բավական կլոր գումարի ընտրակաշառք բաժանել:

Ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին բավական ակտիվորեն հակազդում էր իշխանությունների նման գործելաոճին: 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը հետևյալ գրառումն էր կատարել՝ «ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն եւ ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ: Ընտրակաշառքների բաժանման եւ վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է»:

Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ եւ 20 հազարանոց դրամներ:

Հիշում ենք, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը ՀՀԿ-ին մեղադրում ընտրությունների շեմին ասֆալտ փռելու փառատոններ կազմակերպելու մեջ, այսօր ինքն ու իր թիմակիցները, այցելելով մարզեր, կամ խոսում են արդեն իսկ փռված ասֆալտի կիլիոմետրերից, իսկ ոմանք՝ հեկտարներից, կամ խոստանում ասֆալտապատել տվյալ տարածքը:

Ինչպես տեսնում ենք՝ ունենալով իշխանական լծակներ' Նիկոլ Փաշինյանը անում է նույնը, ինչի մեջ, լինելով ընդդիմադիր, մեղադրում էր օրվա իշխանություններին: Փաշինյանը հասկանում է, որ ընտրակաշառք և վարչական այլ ռեսուրսների վերընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է և դա պատճառը, որ ընտրություններից մեկ ամիս առաջ ամբողջ թիմով պետական բյուջեի հաշվին գործի են անցել...