2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 8,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 804 մլն ԱՄՆ դոլարով կամ 10%-ով։ Այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ այս պետական պարտքը բեռ է հանդիսանալու մեր երկրի համար, քանի որ այդ գումարներն ուղղվել են հիմնականում ընթացիկ ծախսերը (աշխատավարձեր, պարգևավճարներ, սոցիալական ծախսեր և այլն) ֆինանսավորելու համար։

Անշուշտ, գործող իշխանությունները վերարտադրվելու դեպքում կշարունակեն ավելացնել պետական պարտքը առանց մտածելու, թե հետագայում ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս է վճարելու այն։

Այս կառավարությունը մի կողմից պարտք է վերցնում, մյուս կողմից խոշոր բիզնեսին վերադարձնում է գումարներ, այսինքն՝ ի հաշիվ հասարակության աջակցում է խոշորներին, իսկ բիզնեսն այդ գումարներն ուղղակի Հայաստանից դուրս է հանում։

Այս ֆինանսական ամենաթողության պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 ԱՄՆ դոլար։